Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնում էր օրակարգում ընդգրկված երկու հարցերից մեկը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունների (ԲՀԿ եւ ԼՀԿ) ներկայացուցիչները բողոքեցին՝ ասելով, թե ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հրատապ չեն։ Նրանց կարծիքով՝ այդ նախագծերով իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ձեւավորել:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով եւս ավելի հրատապ են Արցախին առնչվող հարցերը եւ այն ամենն, ինչ այս օրերին կատարվում է օդանավակայանում. «Միայն երեկ Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փորձեց հանգստացնել գործընկերներին՝ հիշեցնելով, որ կառավարությունն ամեն շաբաթ ձեռնարկում է նոր միջոցառումներ եւ նոր ծրագրեր՝ պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար, քննարկվում են Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների սոցիալական դրությունը մեղմելու նախագծեր:
Զեկուցող Ռուստամ Բադասյանն էլ ներկայացվող փաթեթի կարեւորությունը բացատրեց դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցն արագ լուծելու անհրաժեշտությամբ: «Հիմա մենք մոտ ենք այդ հարցը լուծելուն: Դրա համար էլ հրատապ է»։