Amnesty International բրիտանական իրավապաշտպան կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որի թեմաներից մեկն առնչվում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին եւ նրանց հետագա ճակատագրին:
«ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների կոմիտեն նոյեմբերին Ադրբեջանին հորդորեց արդյունավետ հետաքննել զինված առճակատման համատեքստում արձանագրված բոլոր խախտումներն ու ապահովել, որ տուժածներին հասանելի լինեն իրավական պաշտպանության միջոցները»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակները հավելել են, որ դեռեւս 2021-ի սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում մտահոգություն էր հայտնել տասնյակ բանտարկյալների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի առնչությամբ։
«Գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի: Իսկ շուրջ 30 հայ գերու ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ, հակառակ այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց հարկադիր անհետացման եւ, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասված է Amnesty International-ի զեկույցում։
Amnesty International-ի փորձագետներն ուսումնասիրության մեջ անդրադարձել են նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի թեմային:
«Ստացվել են խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում հաստատվում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները խոշտանգել են հայ գերիներին եւ ենթարկել տարբեր տեսակի դաժանությունների նրանց գերեվարման, տեղափոխման եւ կալանավորման ժամանակ, սակայն նման հաղորդումների արդյունավետ հետաքննություն այդպես էլ չի իրականացվել»,- նշված է Amnesty International-ի զեկույցում։