Իսպանական ABC պարբերականը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է հատուկ առեւտրական երթուղիներ սահմանել Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ փորձելու համար նվազեցնել հակամարտության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի վրա:
Ըստ պարբերականի՝ գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկին ասել է, որ ԵՀ-ն պատրաստ է կազմակերպելու այդ «կանաչ» միջանցքները», որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի Բալթիկ ծովով պարեն արտահանելու Լեհաստանի նավահանգիստներից:
Եվրակոմիսարը «կանաչ» միջանցքների» հարցը քննարկել է նաեւ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ: «Նա ինձ հավաստեց, որ պատրաստ է հնարավորինս ամեն ինչ անելու Ուկրաինային աջակցելու համար»,- ճշտել է Վոյցեխովսկին:
Եվրահանձնաժողովի առաջարկած ուղիները կարող են ծառայել նաեւ Եվրոպայից Ուկրաինա սննդամթերքի առաքման համար: Եվրակոմիսարը հավաստիացրել է, որ այս պահին առաջնահերթ խնդիրը ուկրաինացի փախստականներին օգնությունն է: Նա հավելել է, որ ներկայիս հանգամանքներում մինչեւ Լեհաստանի սահման բոլոր առեւտրային փոխադրումները բավական ռիսկային են։