Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։
«Իհարկե, մենք Ուկրաինայի հետ սերտորեն աշխատում ենք բոլոր տարբերակների վրա, որոնք կօգնեն ապահովելու այդ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Բայց ես չեմ կարող նախօրոք մանրամասներ հայտնել անվտանգության երաշխիքներին առնչվող քննարկումների մասին»,- ասել է Բեդինգֆիլդը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Կիեւը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի հետ՝ անվտանգության երաշխիքների շուրջ։
Նա հիշեցրել է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, որում ասվում է, որ եթե ինչ-որ մեկը հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա, ապա մյուս բոլոր անդամները պարտավոր են նրան պաշտպանել։
Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ Կիեւը հույսը դնում է նման կետի վրա, ըստ որի՝ եթե ցանկացած երկիր հարձակվի Ուկրաինայի վրա, նրա անվտանգության երաշխիքներն ապահովող պետությունները 24 ժամվա ընթացքում Ուկրաինային պետք է տրամադրեն անհրաժեշտ զենքեր, ինչպես նաեւ ընդունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ, որը կպահանջի վերջ դնել ագրեսիային եւ պատժամիջոցներ կկիրառի։