Ինդոնեզիայի Հանրապետություն՝ Բալի հնգօրյա ուղեւորությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել է Ղազախստան: Ալմաթիում ՔՊ-ական երկու պատգամավորի ուղեկցությամբ նա մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հանդիսավոր նիստին: Նկատենք, որ այս անգամ Ալեն Սիմոնյանի ուղեւորությունը չափազանց արդյունավետ է եղել. ԱԺ նախագահը փառահեղ բարոյական հաղթանակ է տարել դիվանագիտական ասպարեզում:
ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառմանը նա բանավեճի է բռնվել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ ու պարզապես ոչնչացրել հակառակորդին՝ արժանանալով ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահների եւ պատվիրակների բուռն ծափահարություններին:
Հավանաբար հասկացաք, որ ԱՊՀ խորհրդարանների նախագահների ու պատվիրակների ծափահարություններն էլ հենց եղել են Ալեն Սիմոնյանի տարած բարոյական հաղթանակը, քանի որ այդպես նրանք ընդհատել են Գաֆարովայի խոսքը:
Ու քանի որ խորհրդարանի ղեկավարը շատ է ոգեւորվել, շոյվել այդ ծափահարություններից, ԱԺ պաշտոնական կայքում հատուկ անդրադարձել են կատարվածին. նախ՝ վերնագրում շեշտել են՝ «Ալեն Սիմոնյանի պատասխանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին արժանացել է բուռն ծափահարությունների»: Ապա արդեն հաղորդագրության տեքստում մանրամասնած է օվացիաների մասին դրվագը. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին հաջորդել են ԱՊՀ երկրների խորհրդարանների նախագահների եւ պատվիրակների բուռն ծափահարությունները, որոնք ընդհատել են Գաֆարովայի խոսքը: Բանավեճն այլեւս չի շարունակվել»: Կայքում հրապարակվել է այդ հերոսապատումի տեսանյութը:
Տեսանյութը դիտելով պարզ է դառնում, որ հնչած ծափահարություններն ամենեւին էլ «բուռն» չէին, եւ ծափահարությունները հնչել են այն բանից հետո, երբ Սիմոնյանը հայտարարեց՝ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են»:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ, եզրափակելով տեղի ունեցածը, հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրով կլուծվի իրավիճակը:
Այսինքն՝ կատարվածը 4 րոպե տեւողությամբ ամենասովորական բանավեճ էր, որի ավարտին ՀՀ պաշտոնյան հայտարարում է Ադրբեջանի առաջարկներին համաձայնելու մասին, ըստ այդմ շահելով «հանդիսականների» համակրանքը, եւ ոչինչ ավելին: Ի դեպ, նման բանավեճեր երկու երկրների խորհրդարանականների միջեւ եղել են նախկինում էլ, իհարկե, մի փոքր այլ բովանդակությամբ:
Ի դեպ, այս ամենն ակամա հիշեցրեց ժամանակին Արտաշես Գեղամյանի ելույթները, որոնք տպագրվում էին մամուլում՝ ամբողջությամբ արտացոլելով ոչ միայն բովանդակությունը, այլեւ դահլիճում տիրող տրամադրությունները. ելույթի պարբերություններն ավարտվում էին «ծափահարություններ», «բուռն ծափահարություններ», «երկարատեւ բուռն ծափահարություններ» արտահայտություններով: Փաստորեն նույնն է նաեւ այս դեպքում:
Հ.Գ. ԱԺ-ից լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան դեռ չեն մեկնաբանել, թե ՀՀ բյուջեի վրա որքան է արժեցել Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավորուհիների ուղեւորությունը Բալի. հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ են խնդրել: ԱԺ-ից հազիվ թե արագ տեղեկություն տան նաեւ այս գործուղման ծախսերի մասին: Այնինչ թափանցիկ գործելու մասին հայտարարած իշխանությունների առաջին գործը պետք է լինի հրապարակային հաշվետվություն ներկայացնելը:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: