«Խառնաշփոթ, պարադոքս, շփոթություն եւ նոր հնարավորություններ: Անկարգություն եւ փոփոխված իրավիճակներ: Սրանք այն խնդիրներն են, որ ուզում ենք քննարկել «ԱՐէ» փառատոնի այս տարվա թողարկման ընթացքում»,- ասում է փառատոնի ղեկավար Մարինե Կարոյանը՝ հանդիսականին առաջարկելով այն դիտարկել որպես խաղահրապարակ, ապահով տարածք՝ նոր գաղափարներ ուսումնասիրելու, հարաբերություններ կառուցելու եւ աշխարհն այլ կերպ տեսնելու համար:
«Արէ» կատարողական արվեստի փառատոնը, որ 2015 թվականին է մեկնարկել, այս տարի «Տակնուվրա» խորագրով անցկացվում է «Հայարտ» մշակութային կենտրոնում։ Խորագիրը, որպես կանոն, մեկ տարի առաջ են որոշում: «8-րդ փառատոնի խորագիրը տարօրինակ զուգադիպությամբ համընկել է աշխարհում ծավալվող իրադարձությունների, տակնուվրա եղած իրականության հետ»,- նշում է փառատոնի ղեկավարը։
Քանի որ փառատոնը նվիրված է արվեստի ակտուալ ձեւերին, հետեւապես բովանդակությունն էլ արտացոլում է մեր իրականությունը, արվեստագետներն իրենց պերֆորմանսներով, ներկայացումներով, ցուցահանդեսներով ցույց են տալիս, թե ինչպես է արվեստն արտացոլում մեր կյանքը։
«Չեխ արվեստագետ է մասնակցում փառատոնին, մայիսին այստեղ հատուկ պերֆորմանս է ունենալու, արդեն մեկնել է Պրահայից, ավտոբուսներով ուղեւորվում է Երեւան։ Ճանապարհին գլխով անցածը, նաեւ մաքսակետերում տեղի ունեցողը պերֆորմանսի տեսքով պետք է պատմի հանդիսականին»,- ասում է Մարինե Կարոյանը։
Ցուցահանդեսներ, կենդանի եւ վիդեո պերֆորմանսներ, արվեստագետների հետ հանդիպումներ, հուշ-երեկոներ՝ տարբեր մեդիաների համադրությամբ, մի խոսքով՝ բազմազան ու հագեցած ծրագրով է փառատոնը հանդես գալիս։
«Արէ»-ի յուրահատկությունն այն է, որ բազմաբնույթ է՝ ե՛ւ թատերական է, ե՛ւ համերգային, ե՛ւ պարային։
Փառատոնը բացվել է գերմանացի արվեստագետ Աստրիդ Բուշի «Ես հիշում եմ թռչուններին ու քարերին» ցուցահանդեսով։
«Արէ»-ն հիմնադրելիս մտածում էի՝ պետք է այնպիսի բան անել, որ լինի ոչ թե հերթականը, այլ բոլորովին ուրիշ։ Մշակութային դաշտում կան ե՛ւ թատերական, ե՛ւ կինո, ե՛ւ երաժշտական փառատոներ, բայց սրանց հիբրիդը, թերեւս, չկա։ Կատարողական փառատոնի առանցքում շեշտադրում ենք պերֆորմանս արտը»։
Պերֆորմանս արտ
Պերֆորմանս արտը ժամանակակից արվեստի ձեւ է, որտեղ ստեղծագործությունը նկարչի կամ գեղարվեստական խմբի գործողություններն են որոշակի վայրում եւ որոշակի ժամանակ։ Պերֆորմանսին կարելի է վերագրել ցանկացած իրավիճակ, որը ներառում է հիմնական չորս տարրերը` ժամանակ, վայր, նկարչին, նկարչի ու հանդիսատեսի հարաբերությունները։ Սրանով է պերֆորմանսը տարբերվում կերպարվեստի այնպիսի ձեւերից, ինչպիսիք են նկարը կամ քանդակը, որտեղ ստեղծագործությունը որոշվում է ցուցադրվող օբյեկտով։ Ժամանակակից արվեստում «պերֆորմանս» տերմինը սովորաբար վերաբերում է ավանգարդ կամ կոնցեպտուալ արվեստին։
Արվեստի արեւմտյան տեսաբանները պերֆորմանսի պատմությունը սովորաբար դիտարկում են 20-րդ դարի սկզբից, երբ ծագել են կոնստրուկտիվիզմը, ֆուտուրիզմը եւ դադաիզմը։
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շատ արվեստագետներ տարբեր երկրներից Շվեյցարիա մեկնեցին՝ հեռու լինելու պատերազմի թոհուբոհից։ Դադաիստների արտասովոր բանաստեղծական ելույթները, որոնք սովորաբար անցկացվել են «Վոլտեր» կաբարեում, կարելի է համարել պերֆորմանսի առաջին օրինակներ,- ասում է Մարինե Կարոյանը:- Այդ արվեստագետները ցույց էին տալիս, թե աշխարհն այդ ժամանակ որքան աննորմալ վիճակում է, գրեթե ինչպես հիմա է։ Եվ Առաջին համաշխարհային պատերազմի այդ տակնուվրա իրավիճակը պատմում էին անսովոր կերպով, անսովոր միջոցներով»։
«Արէ» մշակութային հիմնադրամը, մասնավորապես Մարինե Կարոյանն այսօր արխիվացնում է հայկական պերֆորմանս արտի պատմությունը։ «Եթե ամբողջ աշխարհում 60-ականներից է սկսվում պերֆորմանս արտի հանդեպ ակտիվությունը, մեզ մոտ սկիզբը 70-ականներն էին, իսկ 80-ականներին, երբ արդեն գործում էր «Երրորդ հարկ»-ը, այս ուղղությունն ավելի զարգացավ։ Ինձ համար հետաքրքիր էր այդ ժանրը նաեւ մեզ մոտ զարկ տալ, որ այն հանկարծ չքնի, չվերանա։
Աշխարհում վերջին տարիներին մեծ թափով զարգանում է արտ պերֆորմանսը, նույնիսկ Վենետիկի բիենալեում, որտեղ մի ժամանակ միայն նկարներ էին ցուցադրվում, վերջին տարիներին պերֆորմանս արտ ներկայացումներն են ստանում առաջին մրցանակ»։ Մարինե Կարոյանը հայկական պերֆորմանս արտում հանդես եկող արվեստագետների անուններ է նշում՝ Գրիգոր Խաչատրյան, Ազատ, Աշոտ Աշոտ, Արման Գրիգորյան ,Դավիթ Կարեյան։ Վերջին շրջանում նոր անուններ են ի հայտ եկել, երիտասարդների հետաքրքրությունը եւս մեծացել է հենց փառատոնով պայմանավորված։ Պերֆորմանս արտն ինչ-որ տեղ անհասկանալի, որոշակի պատրաստվածություն պահանջող ուղղություն է: «Այս առումով կարեւոր է, որ մարդիկ հայտնաբերեն իրենց այդ ժանրի մեջ ու ստեղծագործեն»,- ասում է փառատոնի ղեկավարը։
Ապրիլի 26-ին պերֆորմանս արտով հետաքրքրվողներին Մարինե Կարոյանը հրավիրում է մասնակցելու «Հայկական պերֆորմանսի անթոլոգիա» կայքէջի շնորհանդեսին։ Այն երկարատեւ աշխատանքի արդյունք է, որտեղ համակարգված են պերֆորմանս արտում ստեղծագործող հայ արվեստագետների արխիվային տեսանյութերը, լուսանկարները, նկարագրությունները։ Մի խոսքով՝ կայքէջը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմելու հայկական պերֆորմանսի մասին։
Մարինե Կարոյանն ասում է, որ հաջորդ շաբաթ արվեստագետները կավարտեն նաեւ թափոնային քանդակները (https://www.aliqmedia.am/2022/01/10/43645), որոնք պետք է տեղադրվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Այս նախաձեռնությունը եւս անցկացվում է «Արէ» փառատոնի շրջանակում։
Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։