Ըստ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի՝ աշխարհի խոշորագույն գերմանական BASF քիմիական կոնցեռնը հայտարարել է, որ էմբարգո կիրառելու դեպքում անհնար է սեղմ ժամկետում փոխարինել ռուսական գազը։
Ընկերության դիտորդական խորհրդի անդամ Միխայել Վասիլիադիսը նշել է, որ մասնավորապես կվտանգվի 40 հազար աշխատատեղով Լյուդվիգսհաֆենի գործարանի աշխատանքը։ Նա նշել է, որ ռուսական գազի այլընտրանքի բացակայության պարագայում աշխատանքից կզրկվեն քիմիական ոլորտում ներգրավված հարյուրհազարավոր մարդիկ։
BASF-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Բրուդերմյուլերն էլ նշել է, որ կապույտ վառելիքի մատակարարումները սեղմ ժամկետում փոխհատուցել չի հաջողվի։
Կարեւոր ապրանքների արտադրությունը ստիպված կլինեն սահմանափակել
Ընկերությունում նշել են նաեւ, որ գազի ներմուծման նույնիսկ մասնակի կրճատման դեպքում ստիպված կլինեն սահմանափակել մի շարք կարեւոր ապրանքների արտադրությունը, ինչը կանդրադառնա հաճախորդների քանակի վրա։ Բացի դրանից՝ Ռուսաստանը կոնցեռնին նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ է մատակարարում, մասնավորապես` պարարտանյութերի արտադրության համար նախատեսված ամոնիակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկին, «Գազպրոմին» եւ կառավարությանը հանձնարարել էր ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումները կազմակերպել ռուբլով։ Կրեմլում առաջադրանքի կատարման վերաբերյալ առաջին զեկույցը սպասվում է մարտի 31-ին։
Չկա վճարում, չկա գազ
Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Խաբեկը հայտարարել էր, որ G7-ի երկրները հրաժարվում են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակից։ Նա նշել է, որ G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) նախարարները համամիտ են, որ վճարման արժույթի փոփոխությունը պայմանագրերի խախտում կլինի, եւ պահանջել են, որ իրենց ընկերությունները ռուբլով չվճարեն։
Կրեմլում այդ հայտարարությանը պատասխանել են «Չկա վճարում, չկա գազ» վերջնագրով։
ԳԴՀ կառավարությունում հայտարարել են, որ երկրի պահեստարանները հագեցած են ընդամենը 25 տոկոսով։