Հազար անգամ ասվել է, հազար անգամ էլ կասվի՝ 1997-1998-ին, երբ Հայաստանի դիրքերն ամուր էին, Ադրբեջանն էլ պատրաստ էր, պետք էր ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը եւ գնալ հակամարտության լուծման, ինչի արդյունքում կունենայինք խաղաղ տարածաշրջան եւ չէինք ունենա այսօրվա կորուստները։
Պատմության դասագրքերով ու հին աշխարհի ուսումնական քարտեզներով Հայաստանի ներկա եւ ապագա սահմանները պատկերացնողները եւ «ոչ մի թիզ հող ու ոչ մի զիջում թշնամուն» տեսակետի կողմնակիցները (նրանք որքան շատ եղել, նույնքան շատ էլ կան) ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր կպնդեն՝ դավաճանություն է դա ու պարտվողականություն։ Տրամաբանությամբ առաջնորդվողները կասեն՝ անցած էտապ է, այդ մասին խոսելն ուշ է, անցյալը հետ չես բերի։
Այո’, անցյալը հետ չես բերի։ Բայց անցյալի սխալները չկրկնելու համար այն պետք է վերլուծվի ու ճիշտ շեշտադրվի։ Եթե այսպես կոչված անզիջումները եւ անիրատեսները մեզանում նույնքան շատ են, որքան եղել են, եթե նրանք են շարունակում թելադրել մեր օրակարգը, ուրեմն մեր սխալներից անհրաժեշտ հետեւություններ չենք արել, հին ճանապարհով ենք գնում, ինչն էլ անխուսափելի է դարձնում նոր կորուստները։
Չենք հասկանում եւ չենք ցանկանում ընդունել, որ շարունակվող կորուստների շրջապտույտից կարող ենք դուրս պրծնել միայն հարեւանի հետ անմիջական զրույցի դեպքում։ Եթե 1998-ին, երբ ամուր դիրքերում էինք, կարճամիտ եղանք ու մերժեցինք զրույցը, ապա այսօր, թեկուզ թույլ դիրքերից, նույն կարճամտությունը չպետք է ցուցաբերենք։ Եթե ցանկանում ենք դնել մեր չընդհատվող կորուստների վերջակետը, պետք է գնանք այդ զրույցին, որքան էլ այն ցավոտ լինի։
1998-ից հետո հայաստանյան իշխանությունները հակամարտության լուծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկել։ Մտածել են, թե հարցը կարող են ձգել անվերջ։ Լուծման հրամայականը չեն էլ գիտակցել։ Նաեւ կաշկանդված են եղել լեգիտիմության իսպառ բացակայությամբ։
2018-ը նոր հնարավորություն բերեց։ Լեգիտիմության հսկայական պաշար ունեցող նոր իշխանությունը, թվում էր, գնալու է համարձակ քայլերի։ Բայց, պարզվեց, ավարտված ամբոխավարներ են նրանք եւ ծափահարություններ կորզելուց զատ այլ խնդիր չունեն։ Իրենց վարքով նպաստեցին, որ վաղուց հասունացած պատերազմը սանձազերծվի ու մեզ պարտություն բերի։ Կորցրինք այն ամենն, ինչ ունեինք՝ տարածքներ, որ կարող էին սակարկության առարկա լինել եւ, ճիշտ է, 1998-ի ամրությունը չունեցող, բայց համեմատաբար կայուն մեր դիրքը։
Պարտությունը սարսափելի էր։ Բայց ավելի սարսափելի է, որ պարտություն բերած իշխանությունը շարունակեց մնալ։ Սարսափելի է, որովհետեւ պարտված ուժը, պարտված իշխանավորը բանակցել չի կարող։ Մեր ջախջախիչ պարտությունը վավերացնող արձանագրության տակ ստորագրած Փաշինյանը չի կարող Ալիեւի հետ ուղիղ եւ անկաշկանդ զրուցել։ Նրան միջնորդներ են պետք։ Ալիեւն այլեւս 2020-ի օգոստոսի կամ սեպտեմբերի Ալիեւը չէ։ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո Հայաստանը բոլորովին այլ Ալիեւի հետ գործ ունի։ Խիստ անհավասար են Ալիեւի ու Փաշինյանի դիրքերը։
Մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ, եթե պարտության արձանագրումից հետո Փաշինյանն իր համար ընդունելի ճանապարհ գտներ ու, հնարավորություն տալով մեզ ունենալու պարտության հետ անմիջական առնչություն չունեցող ու համեմատաբար քիչ կաշկանդված բանակցող, հեռանար։ Նա, սակայն, չհեռացավ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։
Իսկ ունենք օր օրի թուլացող ու խոցելի երկիր եւ իշխանություն, որը հակառակորդի հետ ուղիղ բանակցել չի կարող։ Հակառակորդը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, մեր ճանապարհները եւ գյուղերը նրա թիրախում են, Արցախում գյուղեր ու բարձունքներ է գրավում, իսկ զսպող Ռուսաստանը, որն իբր պետք է Արցախի անվտանգությունն ապահովեր, Ադրբեջանի աչքում ուկրաինական արկածախնդրության հետեւանքով չունի այսօր այն հեղինակությունը, ինչ ուներ մեկ ամիս առաջ։
Առկա դրությունը հաշվի առնելով կարելի է պնդել՝ եթե մենք մեր հարեւանի հետ մեկ տարի առաջ առարկայական զրույց սկսած լինեինք, ապա չէինք ունենա այսօրվա վիճակը։ Ճիշտ այնպես, ինչպես չէինք ունենա շարունակվող շրջափակումը, անընդհատ կրկնվող սահմանային բախումները, 2016-ի ապրիլյանը եւ 2020-ի պատերազմը, եթե 1998-ին ընդունած լինեինք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը եւ գնացած լինեինք համաձայնության։ Հետեւություն՝ ժամանակը մեր դեմ է աշխատում։ Մի՛շտ։ Ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր։
Միջնորդով կամ առանց միջնորդի, բայց առարկայական զրույցը, եթե չենք ցանկանում ավելին կորցնել, հրատապ անհրաժեշտություն է։ Խոսքը ոչ թե իմիտացիայի, ոչ թե ձգձգումների, այլ իրոք առարկայական զրույցի մասին է։ Հակառակ դեպքում դիմացը ոչինչ չտալով մեզնից կրկին տանելու են։ Ինչպես եղել է։ Խոսքն արդեն Արցախի մասին է։
Իշխանությունը, որն ամեն ինչ տանուլ տալուց հետո հեռանալու քաջություն ու բարոյականություն չունեցավ, որն իր մեղքի չափը չի էլ գիտակցում, որը, սակայն, ի հեճուկս տրամաբանության, ընտրված է ու, հետեւաբար, պարտավորություն ստանձնած, պետք է անտեսի երկխոսությունը մերժողների ճամբարից հնչող աղմուկը, չենթարկվի նրանց ճնշումներին եւ հասկանա՝ յուրաքանչյուր ուշացած օր Հայաստանի դեմ է աշխատում։ Պետք է զրույցի տանող ուղիներ գտնի։ Զրույց, որը կմեղմի թշնամությունը եւ ապագա խաղաղության համար ճանապարհ կհարթի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։