Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր սահմանափակումները: Ապրիլի 1-ից կչեղարկվի հասարակական տրանսպորտում բուժհաստատություններում դիմակ դնելու, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող անձանց մեկուսացման պահանջը:
Երկրի կառավարությունում հայտարարել են, որ վերջին շաբաթներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թվի զգալի ավելացում չի եղել, թեեւ վարակակիրների թիվն ամեն դեպքում աճել է: Առաջիկա ամիսներին իրադրության վատթարացումը քիչ հավանական է:
«Սակայն համավարակի ապագա զարգացումը անհնար է հավաստի կանխատեսել: Ակնկալվում է, որ SARS-CoV-2-ը չի անհետանա, այլ կդառնա էնդեմիկ: Հետեւաբար ապագայում անհրաժեշտ է ակնկալել նոր սեզոնային ալիքներ»,- ասված է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսից հետո կյանքն այլեւս նախկինը չի լինի
Բուլղարիայի առողջապահության նախարար Ասենա Սերբեզովան հայտարարել է, որ ապրիլի 1-ից չեղարկում են կորոնավիրուսի վարակով պայմանավորված սանիտարական միջոցառումների մեծ մասը:
Մասնավորապես, կչեղարկվի փակ հաստատություններում դիմակ դնելու պարտադիր պահանջը, սոցիալական հեռավորության պահպանումը, բուհերի հաճախելիությունների սահմանափակումները, ինչպես նաեւ գործատուներին ներկայացված՝ առնվազն 50 տոկոս աշխատակիցների հեռավար աշխատանքը կազմակերպելու պահանջը:
Անդրադառնալով համավարակի բացասական հետեւանքներին, մասնավորապես գործազրկությանը, կրթական ոլորտի վնասներին, տարածված դեպրեսիային՝ նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսից հետո կյանքն այլեւս երբեք նախկինը չի լինի: