Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ առեւտրի զարգացման եւ երրորդ երկրների շուկա Իրանի մուտքի վերաբերյալ հարցրերը մտցվել են ՀՀ-Իրանի օրակարգ:
«ԻՐՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում Քերոբյանը հայտնել է, որ ՀՀ-ն եւ Իրանը տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Երկու երկրների միջեւ համատեղ համաձայնագրերի կատարումն արագացնելու համար կստեղծվի աշխատանքային խումբ:
Նախարարը հավելել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության հիմնական ապրանքներն են շինարարական սարքավորումներն ու շինանյութերը, նավթաքիմիական արտադրանքը, ինչպես նաեւ պտուղ-բանջարեղենը: Հայաստանից Իրան արտահանվում են նաեւ սհմանափակ քանակով մետաղ ու տեխնիկական սարքավորումներ:
Շեշտելով ԵԱՏՄ-ի շուկայում Հայաստանի անդամությունը՝Քերոբյանը նշել է, որ Իրանը, Հայաստանում արտադրական կենտրոններ ստեղծելով, հնարավորություն կստանա իր ապրանքը ներմուծել տարբեր երկրների շուկաներ:
«Իրանը Հայաստանը կարող է օգտագործել որպես կամուրջ աշխարհի այլ երկրներին իր արտադրանքը վաճառելու համար»,- ընդգծել է Քերոբյանը: