Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, իր տարեկան զեկույցում բավական խիստ գնահատականներ է տվել Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես, ըստ իրավապաշտպան կազմակերպության, խոսքի ազատությունը շարունակում է անարդարացիորեն սահմանափակված մնալ։
«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ 2021 թվականի մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչեւ երեք ամիս ազատազրկումը»,- արձանագրված է Amnesty International-ի այս տարվա զեկույցում։
Amnesty International-ն իհարկե առաջինը չէ, որ մտահոգություն է հայտնում Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ: Դեռ նախորդ տարի, երբ խորհրդարանն ընդունեց վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացնող օրենքը, միջազգային հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ Freedom House-ը, ՀՀ-ին երկու անգամ կոչ արեց դադարեցնելու «ծանր վիրավորանք» հոդվածի կիրառումը։ Ավելին՝ Freedom House-ը կատարվածը որակել էր «Ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց»:
Բացի այդ՝ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ն էր «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւում անդրադարձել ՀՀ-ում խոսքի ազատության վիճակին՝ վերահաստատելով իր դիրքորոշումը, թե «ծանր վիրավորանքը» չպետք է քրեականացվի։
Եվ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդամենը օրեր առաջ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել էր, թե զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա:
Այլ կերպ ասած՝ Արեւմուտքը, միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններն արդեն որերորդ անգամ բացահայտ քննադատում են ՀՀ իշխանություններին խոսքի ազատության ոլորտում սահմանափակումների համար՝ այդպիսով կասկածի տակ դնելով ժողովրդավարության վիճակը:
Ու չնայած միջազգային կառույցների գնահատականներին՝ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են հակառակը համոզել: Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ հայտարարելու ՀՀ-ում ժողովրդավարության աննախադեպ մակարդակի մասին՝ թմբակահարելով, թե այն դարձել է մեր երկրի իմիջը: Նա այդ մասին խոսել է պաշտոնավարման ողջ ընթացքում:
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կայացած «Հանուն ժողովրդավարության» համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը»։ Այս տարվա փետրվարին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է. «Մեր միջազգային գործընկերներից արձագանքներ ենք ստանում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է… Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության գագաթնաժողովի, իսկ մյուս երկրներին՝ ոչ, նրանք վիրավորվում են»։ Նման միտք նա կրկնել էր Կառավարության մարտի 17-ի նիստում. «ՀՀ արտաքին դիմագծի ամենակարեւոր բրենդը ժողովրդավարությունն է»:
Չնայած այս հայտարարություններին՝ միջազգային կառույցներն ավելի հաճախ են զգուշացնում Հայաստանին: Ժամանակին ՀՀԿ իշխանությունն էր նման կերպ վարվում. Սերժ Սարգսյանը միջազգային հանրության առջև խոսում էր ժողովրդավարության մասին, բայց երկրի ներսում միանգամայն այլ վիճակ էր: Իսկ երբ միջազգային կառույցները քննադատում էին իշխանություններին, ՀՀԿ պատգամավորների մի ստվար հատված հակադարձում էր, թե գնահատականները փաստարկված չեն, եւ որ միջազգային կառույցները միանգամայն այլ նպատակներ են հետապնդում: Հիմա, փաստորեն, սպասենք ՔՊ-ականների նույնանման հակադարձումներին։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: