Մարտի 30-ին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո, տեղի է ունեցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը։
Ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության՝ հանդիպումը «երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերն առաջ մղելու նպատակ ուներ»։
Քննարկումները կենտրոնացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ծրագրվող հանդիպման նախապատրաստման վրա։
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ անցկացված «սուբստանտիվ բանակցությունների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քաղաքական եւ անվտանգային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրների ամբողջ սպեկտրին» Բրյուսելում 2021-ի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում «ձեռք բերված ըմբռնումների համատեքստում»։
Գրիգորյանը եւ Հաջիեւը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կրկին հանդիպել՝ դեկտեմբերի 14-ի եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների քննարկումները շարունակելու համար։
Հայաստանը եւ Ադրբեջանը կանդրադառնան նաեւ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին։
«Եվրամիությունը հանձնառու է մնում՝ շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ կայունության հաստատման գործում»,- ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում։