ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում հայտարարել է, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, արագացված կարգով անդամակցություն կստանա:
«ՆԱՏՕ-ն մշտապես աջակցել է իր ուղին ընտրելու ցանկացած ազգի հիմնարար իրավունքը: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի շատ մոտ գործընկերն է: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի զինված ուժերը համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքի չափորոշիչներին»,- ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Դաշինքին անդամակցել-չանդամակցելը պետք է որոշի ինքը՝ Ֆինլանդիան: «Կսպասենք, մինչեւ Ֆինլանդիան այդպիսի որոշում ընդունի»,- շեշտել է Ստոլտենբերգը:
Պատմական տեղեկանք
1949-ին ստեղծված Ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին անդամակցող 30 երկրներից 27-ը եվրոպական են, 2-ը՝ հյուսիսամերիկյան։ ՆԱՏՕ-ի անդամների թիվը սկզբնական շրջանում 12-ն էր, որոնք միաժամանակ ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներն էին։ Ֆրանսիան 1966-ին լքեց ռազմական ինտեգրալ կազմակերպությունը՝ միաժամանակ պահպանելով Ատլանտյան դաշինքի անդամությունը, 2009-ին կրկին դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
1952-ին՝ Սառը պատերազմի շրջանում, ՆԱՏՕ-ն իր կազմ ընդունեց Հունաստանին եւ Թուրքիային։ Արեւմտյան Գերմանիան Փարիզի համաձայնագրերով անդամակցում է 1955-ից ի վեր, 1982-ին ՆԱՏՕ-ին միացավ Իսպանիան։ Սառը պատերազմի ավարտը նշանավորած Արեւելյան բլոկի փլուզումից հետո Արեւելյան Եվրոպայի 14 երկիր 1999-2009 թվականների ընթացքում միացան Հյուսիսատլանտյան դաշինքին։ 2017-ի հունիսին Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ, 2020-ի մարտին Հյուսիսային Մակեդոնիան՝ 30-րդ անդամ երկիրը։ Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցելու դեպքում կդառնան ՆԱՏՕ-ի 31-րդ եւ 32-րդ անդամ երկրները: