ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները մարտի 31-ին այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա:
Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետեւ ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:
Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ռազմական կցորդները նշել են, որ այցի ընթացքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, եւ որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։