Արցախը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի առարկա է եղել 1918 թվականի մայիս-հունիսից, երբ նորանկախ հարեւանները երկու-երկուսուկես տարվա անկախության շրջան ունեցան:
Հայաստանը ձգտում էր միացնել Արցախը, ինչը հաջողվեց Նախիջեւանի ու Կարսի դեպքում՝ բրիտանական զորքերի անմիջական մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Նույն բրիտանացիները ամեն ինչ անում էին, որ Զանգեզուր-Ղարաբաղը Ադրբեջանի մաս կազմի: Հայաստանը, նաեւ շնորհիվ զորավար Անդրանիկի ու նրա 3000-անոց զորքի ներկայության, կարողացավ Զանգեզուրի մեծ մասը միացնել եւ պահել Հայաստանի կազմում:
1920 թվականի մարտին Շուշիի հայկական ջարդերից հետո Հայաստանը ստիպված էր տեղի տալ եւ լռելյայն համաձայնել Արցախը խորհրդայնացվող Ադրբեջանի կազմում թողնելուն: Մայիսին զորահրամանատարներ Դրոն, Նժդեհը, գնդապետ Միրիմանյանը եւ ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը որոշեցին Արցախում իշխանությունը հանձնել հայ բոլշեւիկ Սաքո Համբարձումյանին: Դրոն եւ Նժդեհը զինված ուժերը դուրս բերեցին Արցախից:
1921 թվականի Կավբյուրոյի որոշումով Արցախը դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս, իսկ 1923-ին ձեւավորվեց ԼՂԻՄ-ը: Այսպես, մոտ յոթ տասնամյակ Արցախը մնաց Խորհրդային Ադրբեջանի կազմում, բայց պահեց իր հայկականությունը:
1988-ի Ղարաբաղյան շարժումը պահանջում էր ԼՂԻՄ-ի միացումը Խորհրդային Հայաստանին: Մոսկվան եւ Բաքուն համաձայն էին ԼՂԻՄ-ին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ, բայց ոչ ավելին: Ղարաբաղյան շարժումը դեմ էր դրան, իսկ Խորհրդային Հայաստանի այն օրերի ղեկավար Սուրեն Հարությունյանը եւ ԼՂԻՄ առաջնորդ Հենրիխ Պողոսյանը կողմ էին ինքնավար հանրապետության կարգավիճակին:
1991 թվականի մարտին Հայաստանը խորհրդային այլ 5 հանրապետությունների հետ չմասնակցեց Գորբաչովի կազմակերպած՝ ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին: Ադրբեջանը մասնակցեց եւ իր «այո»-ն թանկ գնով վաճառեց Գորբաչովին: Ապրիլ-մայիս ամիսներին իրականացվեց «Օղակ» գործողությունը:
Հայ քաղաքական վերնախավը ուղիներ էր փնտրում Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտումների եւ արտաքսման քաղաքականությանը վերջ դնելու համար: Մոսկվան եւ Բաքուն Արցախի ղեկավարությանը առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից եւ մասնակցել սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
1991 թվականի հուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր՝ պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու: Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում «քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ»:
Հուլիսի 20-ին արցախյան 6-հոգանոց պատվիրակությունը Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտից մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Մութալիբովի հետ: Պատվիրակության անդամներից Վալերի Գրիգորյանը երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով՝ հայի կողմից արձակված կրակահերթից: Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները եւս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմնանի զիջումների գնալու եւ դավաճանության համար:
Ադրբեջանը եւ նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Բայց օգոստոսին տեղի ունեցավ Մոսկվայի հեղաշրջումը, որն ամբողջովին փոխեց իրադարձությունների հետագա ընթացքը:
1991-1994 թվականներին հաղթական պատերազմից հետո առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը 1997-ին փորձեց արժանապատիվ լուծում բերել Արցախին ու Հայաստանին, սակայն Վազգեն Սարգսյանը իրականացրեց պետական հեղաշրջում: Իշխանության բերվեց Ռոբերտ Քոչարյանը, ով 10 տարի նախագահելուց հետո Մարտի 1-ով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին:
Այսօր Արցախը կանգնած է հայաթափման սպառնալիքի առաջ: Այս իրավիճակի համար պատասխանատվության մեր բաժինն ունենք, առաջին հերթին նրանք, որոնց համար իշխանության մոլուցքն ու հարստության տենչը առաջնային էին, քան Արցախի եւ հայ ժողովրդի ապագան:
Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը եւ, ըստ էության, համաձայնել Արցախի մնացած հատվածի՝ Ադրբեջանի կազմում մնալուն: Սա է դառը, դաժան եւ անհուսալի թվացող իրականությունը:
Այսօր, ինչպես 1920 թվականի գարնանն ու 1991-ի ամռանը, արցախահայության վրա կանգնած է տեղահանության եւ ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքը: Մեր քաղաքական ռոմանտիզմն ու երեխայական մաքսիմալիզմը, ցնորական ու տղայամիտ ծրագրերը հայ ժողովրդի մի հատվածին, եթե կուզեք՝ նաեւ Հայաստանը, կանգնեցրել են ողբերգական փակուղու առաջ, որից արժանապատիվ ելքեր չեն երեւում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։