ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում նախօրեին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի առաջադրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը։
Բանաձեւը, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացնեն ՄԱԿ-ի անդամ երկրները ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգնման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու եւ հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:
Բանաձեւը, որն ավանդաբար ներկայացնում է Հայաստանը, լայն աջակցություն է վայելում։ Դա է վկայում այն, որ տարածաշրջանային բոլոր հինգ խմբերը ներկայացնող երկրները ստանձնել են բանաձեւի համահեղինակումը:
Այս տարի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւն առաջ է քաշել հակամարտության ռիսկերի գնահատման եւ դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները։
Բանաձեւը նաեւ վերահաստատել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը:
«Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւն առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաեւ քննարկել սոցիալական հարթակների եւ դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: