Աշխատանքային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ նախագահ Զբիգնեւ Ռաուն հայտարարել է, որ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։
«Իրական երկխոսությունը չափազանց կարեւոր է վստահության եւ լարվածության թուլացման գործում առաջխաղացում արձանագրելու համար։ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում ենք բարեխղճորեն ներգրավվել բանակցություններին` բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար։ Հուսով ենք՝ առաջընթաց կարձանագրվի, մասնավորապես հրատապ հումանիտար հարցերում»,– շեշտել է Ռաուն։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երեւանում համատեղ ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ նախագահ Զբիգնեւ Ռաուն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի անկայուն մնալու վերաբերյալ ու նշել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ընդլայնելու իր ներկայությունը Հայաստանում եւ մեծացնելու ՀՀ ներգրավվածությունը կառույցում։
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումից հետո նշել է, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
ՀՀ արտգործնախարարը Զբիգնեւ Ռաուի հետ զրույցը գնահատել է բավականին բովանդակային:
Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ Զբիգնեւ Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:
Նախօրեին Ռաուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու։