Լիբանանի հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Ալի Համիեն եւ Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը:
Հանդիպմանը դեսպանն ու նախարարն ընդգծել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարեւորությունը:
Ըստ լիբանանյան MTV հեռուստաալիքի՝ Լիբանանի հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարարությունն արդեն կանաչ լույս է վառել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համար:
Այսուհետեւ FlyOne Armenia ընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Լիբանան եւ հակառակ ուղղությամբ: Երեւան-Բեյրութ եւ հակառակ ուղղությամբ նախատեսված է շաբաթական երեք չվերթ:
Կողմերը հույս են հայտնել, որ կանոնավոր չվերթերը կամրապնդեն երկու երկրների միջեւ հարաբերությունները: