Ըստ Բելգորոդի նահանգային իշխանության ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի՝ ռուսաստանյան Բելգորոդ քաղաքում «Ռոսնեֆտի» նավթաբազայում բռնկված խոշոր հրդեհի պատճառը Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների հրթիռակոծությունն է։
Բելգորոդը ուկրաինական սահմանից հեռու է ընդամենը 30, իսկ Խարկով քաղաքից` 60 կիլոմետր։
Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասներից բացի, զոհեր եւ վիրավորներ չկան, նավթային պահեստի մոտակա փողոցների բնակիչները տարհանվել են։
Հրդեհի պատճառով իշխանությունները զբաղված են գազալցակայաններում վառելիքի մատակարարման լոգիստիկ շղթաների փոփոխությամբ։ «Ռոսնեֆտը» ռեզերվներ է բաշխում Գուբկինի բազայից ամբողջ տարածաշրջանում: Բենզինը բոլոր գազալցակայաններին կբավականացնի 5-13 օր աշխատելու համար։
Բելգորոդի օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածները Բելգորոդի նավթային պահեստին չեն վնասել Բելգորոդի օդանավակայանի ենթակառուցվածքը։