Ֆրանսիական «Carmat» ընկերությունը ստեղծել եւ երկու տարի առաջ հաջող փորձարկել է արհեստական սիրտ, որը նախատեսված է սրտի անբավարարության վերջին փուլում գտնվող մարդկանց փոխպատվաստման համար:
Ըստ ֆինանսական նորությունների ամերիկյան «Business Insider» կայքի՝ կենսաբանական պրոթեզը շուկա դուրս կգա այս տարվա երկրորդ եռամսյակին:
Հիվանդի կրծքավանդակում տեղադրելու համար նախատեսված արհեստական սիրտը բաղկացած է չորս կափույրից, երկու փորոքից եւ ներկառուցված ցուցիչներով միկրոպոմպից, որոնց շնորհիվ սիրտն աշխատելու է մարդու պահանջմունքներին համապատասխան:
Ներքին պրոթեզին կից նախատեսվում են նաեւ լրացուցիչ սարքավարումներ, դրանց թվում՝ արտաքին մարտկոցներ, ինչպես նաեւ արհեստական սրտի աշխատանքին հետեւող ու այն կառավարող վահանակ:
«Carmat» ընկերությունը սրտի խրոնիկական անբավարարության գնահատում է իբրեւ «համավարակ»:
Ըստ մասնագետների COVID-19-ի համավարակն էլ ավելի է սրելու հատկապես սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների վիճակը: Արհեստական սիրտը կարող է միջանկյալ միջոց ծառայել սրտի փոխպատվաստման իրենց հերթին սպասող մարդկանց համար: