Արդեն գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «տարածաշրջանից դուրս բերել իր զինված ուժերի մնացորդները»։ Սա թշնամական կողմի արտաքին քաղաքական գերատեսչության «դիվանագիտորեն մեղմ» ձեւակերպումն է։
Բաքվի մամուլի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետը ռուսական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզորոշ խոսել է «ժամանակավորապես ռուս խաղաղապհների տեղակայման շրջանից հայկական ապօրինի զինված կազմավորումները հեռացնելու» մասին։
Ուկրաինական ճգնաժամում թուրքական «չեզոքության» գինը սահմանում է Բաքուն՝ հղելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Բայց այնտեղ կարդում ենք, որ ռուս խաղաղապահ զորախումբը «տեղաբաշխվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի ողջ երկայնքով՝ 1960 զինծառայողի, 90 զրահափոխադրիչի եւ 390 ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի ընդգրկմամբ»։
Այս փաստաթղթի տակ առկա են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների, Հայաստանի վարչապետի ստորագրությունները, այն փաստացի ԼՂ-ում պատերազմի ավարտի եւ զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագիր է, ուստի յուրաքանչյուր ձեւակերպում ենթադրում է կողմերի համարժեք պատասխանատվություն, պարտավորություն։
Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում «Լեռնային Ղարաբաղում շփման գիծ» ձեւակերպումը։ Տրամաբանորեն դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում սահմանվում է բնագիծ, որի մի կողմում կանգնում են ադրբեջանական, մյուսում՝ ղարաբաղյան զինված ուժերը, իսկ ռուսական խաղաղապահները՝ տեղաբաշխվում դրա երկայնքով, որպեսզի կանխեն հակամարտ ուժերի միջեւ բախումները, վերահսկեն զինադադարի պահպանումը։
Այսինքն` փաստաթուղթ ստորագրող կողմերն ընդունել են, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում, այնուամենայնիվ, կա շփման գիծ, կան հակառակորդ զինվորականներին բաժանող խրամատներ, հենակետեր։ Հակառակ դեպքում «կապիտուլյացիոն փաստաթղթում» կամրագրվեր, որ ԼՂ-ում հայկական զինված կազմավորումները զինաթափվում են եւ կազմացրվում, ինչպես լինում է անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։
Այսօր Ադրբեջանը պահանջում է պաշտպանության բանակի զինաթափում, կազմացրում։ Այսինքն` ի՞նչ, ԼՂ շփման գծում ադրբեջանական զինուժը պետք է դեմ առ դեմ կանգնի ռուս խաղաղապահների՞ հետ։ Այս թեման հայկական կողմը քննարկո՞ւմ է:
Նույն փաստաթղթով սահմանված է, որ Լաչինի միջանցքը շրջանցում է Շուշի քաղաքը, ունի հինգ կիլոմետր լայնություն։ Հայաստան-Արցախ ճանապարհի համապատասխան հատվածում կա ցուցանակ, որն ազդարարում է տրանսպորտային միջոցի մուտքը Լաչինի միջանցք, գրված է, որ դա ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է։
Արցախ-Հայաստան ուղղությամբ կա՞ ճանապարհային նման ցուցանակ։ Ես չեմ տեսել։ Այսինքն` Արցախից դեպի Հայաստան երթեւեկելիս մենք որտե՞ղ ենք մտնում Լաչինի միջանցք, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Այս հարցը հստակեցվա՞ծ է։ Շուշիի անցակետից մինչեւ Տեղ գյուղ՝ ահա այդ ճանապարհի վրա ապահովվա՞ծ է հինգ կիլոմետրանոց լայնքը, որտեղ ադրբեջանական զինված ուժեր չպետք է լինեն, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Անցած գրեթե մեկուկես տարում հնարավոր չէ՞ր այս տեխնիկական հարցերը կարգավորել՝ մի կողմ թողնելով «քնարականությունը», որի վերջին դրսեւորումը Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումն էր։
Մենք մի իրավիճակում ենք, երբ հայկական մամուլն իր պարտքն է համարում ռուսական կողմին զգուշացնել, թե այսինչ պաշտոնի հավակնորդը ժամանակին եվրոպական կառույցների հետ է աշխատել, իսկ իշխանությունն այդպես էլ չի գիտակցում, որ «փոքր հարց» ասվածից է հյուսվում սպառնալիքը։ Մարտի 24-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պարզ խոստովանեց, որ Արցախի գազամատակարարումը վերականգնելու հարցում կատարելապես անզոր է։ Բայց դա թշնամու համար «կարմիր գիծ» չէ։ Վաղը նա հասունացնելու է Լաչինում հսկիչ կետ ունենալու թեման, հաջորդ օրը դնելու է նոր պահանջ։
Դա մշակված քաղաքականություն է՝ ձեւակերպված շատ վաղուց։ Ո՛չ օրվա իշխանության, ո՛չ ինստիտուցիոնալ ընդդիմության ձեռքբերումը չէ, որ Արցախի հայաթափումը 1992-1994 թվականներին կանխվել է։ Օրվա իշխանության եւ նրա անմիջական նախորդների մեղքն է, որ իրավիճակը վերադարձել է «Կոլցո» ռազմագործողության եւ դրան հաջորդած՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի «տրամաբանությանը»։
Պետք է քաղաքական քաջություն ունենալ եւ հստակ առաջադրել երկու հարց՝ «ո՞րն է Լեռնային Ղարաբաղում շփման գիծը», եւ «որո՞նք են Լաչինի միջանցքի ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերը»։
Կոպիտ ասած՝ հայ-ադրբեջանական սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է սկսել այս ճշտորոշումներից։ Դա բոլորովին էլ քաղաքական թեմա չէ, այլ զուտ անվտանգային-մարդասիրական․ Խրամորթը, Խնապատը, Քարագլուխը, Թաղավարդի հայկական մնացած մասը, Կարմիր շուկան, Սզնեքը մտնո՞ւմ են ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, թե՞ ոչ։ Լաչինի միջանցքը հինգ կլիոմետր լայնք ունի՞, թե՞ ոչ։
Եթե պատասխանը «թեական» է, ուրեմն թեական է ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունն առհասարակ։ Եվ պետք է համապատասխան եզրակացություն անել։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։