Թվիթերյան դիվանագիտության հիմնադիրը համարվող Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի թվիթերյան հաշվետվության համաձայն անցյալ շաբաթ նա՝
- ջերմ քննարկում է ունեցել Բաքվում՝ ընդգծելով տարածաշրջանում այնպիսի կոմունիակացիաների արժեւորումը, որոնք բխում են ԲՈԼՈՐԻ* շահերից,
- կառուցողական քննարկումներ է ունեցել Մոսկվայում՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ վերաբերյալ,
- Թբիլիսիում փայլուն քննարկումներ է վարել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ու տարածաշրջանային համագործակցության մասին՝ հատկապես շեշտելով ՍԵՎ ԾՈՎ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ ՄԻՋԱՆՑՔԸ,
- արդյունավետ քննարակումներ է ունեցել Երեւանում՝ վերջին կոնֆլիկտից հետո եղած ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ու հնարավորությունները հաշվի առնելով, ու շեշտելով տարածաշրջանային համագործակցության ու հին թնշամիներին նոր գործընկերների վերածելու կարեւորությունը,
- կառուցողական, բարեկամական եւ արդյունավետ զրույցներ է ունեցել Ստամբուլում ու ընդգծել տարածաշրջանում կայունությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ վերականգնելու կարեւորության մասին,
- Նախիջեւանում խոսել է ՊԱՐՍԻՑ ԾՈՑԸ ՍԵՎ ԾՈՎԻՆ ու Ռուսաստանին կապող, ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ երկաթուղու վերաբացման ընձեռած նոր հնարավորությունների մասին։
Իրանի արտգործանախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այս շրջագայությունն անվանել է ամենից կարեւոր տարածաշրջանային այցը նախարարի ծառայության ողջ ընթացքում։
Դիվանագիտական ակտիվ նախաձեռնություններով եւ խաղաղությանը միտված ծրագրերով հանդես գալու հարուստ փորձ ունեցող Մոհամադ Զարիֆի այցերի այս համախումբը նույնպես կարելի է նախաձեռնողական իր քաղաքականության մասը համարել։ Այսպիսի շրջագայության մտադրության մասին նախարարը շատ ավելի վաղ էր հայտնել, բայց այն հետաձգվել էր որոշ ներքին խնդիրների պատճառով։
Իրանն Անդրկովկասը իր մշակութային ազդեցության տարածքն է համարում, իր կայսերական անցյալի կարեւոր բաղադրիչն ու կորսված հնարավորությունների հիշեցումը։ Պատահական չէ, Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերը Իրանի քաղաքական խոսույթում նույնքան արդիական ու ցավոտ թեմաներ են, քաղաքական միֆոլոգիայի կարեւոր բաղադրիչներ, որքան ետխորհրդային տարածքի մասին խոսույթը Ռուսաստանի համար։ Մյուս կողմից, ռեալպոլիտիկի դիտանկյունից Իրանը տարածաշրջանի երեք տերություններից միակն է, որ հարաբերություններ ունի Անդրկովկասի բոլոր երեք պետությունների հետ․ ի տարբերություն Ռուսաստանի, որ խնդիրներ ունի Վրաստանի հետ, եւ Թուրքիայի, որ փակ սահման ունի Հայաստանի հետ։
Այսպիսով, Իրանն իրեն համարում է տարածաշրջանում հարցերի կարգավորման համար ամենալեգիտիմ ու արդյունավետ ուժը։ Այս ամենով հանդերձ, սակայն, վերջին իրադարձությունների համատեքստում Իրանը խաղից դուրս մնալու վտանգ է տեսնում, որն արտահայտվում է հետեւյալ մտահոգություններով՝
-Ռուս-թուրքական համատեղ ուժերով հարցի «կարգավորման» փաստը նսեմացնում է Իրանի դերը՝ որպես տարածաշրջանային տերություն,
-Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ամրագրված կոմունիկացիաների ապաշրջափակումը կարող է կենտրոնանալ բացառապես Արեւելք-Արեւմուտք կապի վրա՝ ռիսկի ենթարկելով Հյուսիս-Հարավ՝ Իրանի համար այնքան կարեւոր ուղեգիծը,
-Թուրք-ադրբեջանական աճող սերտ համագործակցությունը կարող է մեծացնել նաեւ պանթյուրքական սպառնալիքը Իրանի անվտանգության համակարգի համար։
Հայաստանյան ընթերցողի համար, սակայն, պիտի շեշտեմ, որ դիվանագիտության համար, առհասարակ, ու նաեւ իրանական դիվանագիտության համար, մասնավորապես, աճող վտանգները նշանակում են ոչ թե դրանց մասին տարփողում ու իրավիճակի էլ ավելի սրում, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր բոլոր եղանակներով ու հատկապես երկխոսության միջոցով այդ վտանգների չեզոքացում։
Այսպիսով, Ադրբեջանը, որ լուրջ ական կարող է դառնալ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, շնորհավորանք ստացավ հաղթանակի առիթով ու հավաստիացում, որ Իրանը պատրաստակամ է մասնակցել «ազատագրված տարածքների» վերակառուցմանն ու կոմունիկացիաների վերագործարկմանը։ Հնարավոր այս մասնակցությունը Իրանին հնարավորություն կընձեռի մի կողմից թույլ չտալ Ադրբեջանին՝ ամբողջությամբ Թուրքիայից կախվածության մեջ ընկնել ու մեծացնել վտանգը Իրանի համար, մյուս կողմից՝ տեղում մասնակցելով գործընթացներին, մշտադիտարկման տակ պահել նաեւ լոկալ զարգացումները։
Նույն կերպ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած ու ծավալապաշտական ենթատեքստ ունեցող տողերին խիստ արձագանքած Մոհամադ Ջավադ Զարիֆը, «բարեկամական հանդիպումներ» է վարել նրա հետ Ստամբուլում՝ շեշտադրելով Իրանի պատրաստակամությունը նպաստել տարածաշրջանային երկխոսությանը՝ առանց արտատարածաշրջանային դերակատարների ու կարեւորելով խնդիրները բացառապես փոխգործակցության միջոցով լուծելու հարցը։
Արտատարածաշրջանային ուժերի հարցը շեշտադրվեց նաեւ Մոսկվայում ոչ միայն պաշտոնական հանդիպումների, այլ նաեւ տրված բացառիկ հարցազրույցի ընթացքում։ Իրանի արտգործնախարարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ոչ ԵՄ-ն, եւ ոչ էլ ԱՄՆ-ն չկարողացան գործուն մասնակցություն ունենալ եւ խնդիրը «կարգավորվեց» միայն տարածաշրջանի դերակատար Ռուսաստանի միջոցով։
Թբիլիսիում իրանցի դիվանագետի քննարկումները կենտրոնանում էին երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ Հյուսիս-Հարավի կարեւորության վրա։ Այս հարցում Վրաստանն ու Իրանը նույն խաղաքարտերն ունեն՝ կամ դրանք կորցնելու նույն վտանգը, քանի որ եթե ապաշրջափակում ասվածը Թուրքիան Հայաստանով ու Ադրբեջանով Ռուսաստանին կապել նշանակի միայն, ապա երկու պետություններն էլ կկորցնեն ներկայում ունեցած իրենց տարանցիկ նշանակությունը։ Հետեւաբար, Սեւ ծով-Պարսից Ծոց կապի կարեւորությունը արդիական պահելն ու դրան նպաստող ծրագրերի իրագործման շուրջ քննարկումները ներկա զարգացումների օրակարգում պահելը երկու երկրների շահերից է բխում։ Միաժամանակ, Վրաստանն, իհարկե, լուրջ սահմանափակումներ ունի Իրանի հետ իր կապերը քննարկելիս․ դրանք որպես կանոն համաձայնեցվում են ԱՄՆ-ի, նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ հաշվի առնելով Վրաստանում աճող տնտեսական լծակները։
Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներից առանցքային քննարկման առարկա դարձավ արտգործնախարարի այն դիտարկումը, թե Իրանի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա, իհարկե, նախեւառաջ վերաբերում է Հայաստան-Իրան սահմանի անխախտելիությունը եւս մեկ անգամ կարեւորելուն ու «Մեղրիի միջանցք» կոչվող ծրագրի դեմ իր երկրի ունեցած վերապահումներին։ Բայց նույն պնդումը այլ շերտ էլ կարող է ունենալ ու սրա մասին խոսում են նաեւ միջազգային փորձագետները․ տարածքային ամբողջականության հարցը որպես կարեւոր սկզբունք ըստ էության շեշտադրվեց եւ՛ Բաքվում, եւ՛ Թբիլիսում (հիշեցնեմ՝ Մոսկավայում ունեցած «բարեկամական քննարկումներից» անմիջապես հետո), եւ՛ Երեւանում, ինչը ներկա միջազգայնորեն ընդունված սահմանների կարեւորման նպատակ ունի՝ երկակի նշանակությամբ։ Հայաստանում հնչեցրած «ընդհանուր մարտահրավերները» մյուս կարեւոր շեշտադրումն էր, որ հղում էր անում հատկապես տարածաշրջանում զինյալների ներկայությանը։
Այցի կարեւոր առանձնահատկություն էր նաեւ այն հանգամանքը, որ այն ներառում էր հանդիպումներ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում։ Այս հանգամանքը ու նաեւ յուրաքանչյուր երկրում հանրայնորեն հնչեցրած դիտարկումները հնարավորություն են տալիս ենթադրելու փակ դռների ետեւում քննարկված թեմաների մասին․ ընդ որում մի երկրում հանրային դիտարկումները վստահաբար այդ դիտարկումների հասցեատեր երկրի փակ հանդիպումների առարկա կարելի է համարել։
Իրանցի դիվանագետի համար այս այցը նաեւ ներքին քաղաքական նշանակություն ուներ։ Իրանում առաջիկայում նախագահական ընտրություններ են սպասվում ու թեեւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե չի պատրաստվում մասնակցել դրանց, բայց որոշ շրջանակներ հենց նրան են տեսնում՝ որպես բարեփոխականների ճամբարի հնարավոր թեկնածու։ ԱՄՆ նոր նախագահի հոգեզավակ Միջուկային ծրագրի հնարավոր վերակենդանացման հույսերի համատեքստում, արտգործնախարարի պաշտոնում ներկա կառավարության կազմում իր վերջին ամիսները ապրող պաշտոնյայի համար կարեւոր է ցույց տալ, որ աչքաթող չեն արվում տարածաշրջանային հարցերն եւ Իրանի անվտանգության հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու քայլեր են արվում։
*ընդգծումները հեղինակի
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։