Թշնամու Փառուխ ներխուժման մասին ֆեյսբուքյան առաջին «ավետիսն» արվեց ընդդիմությանը մոտ շրջանակներից՝ «ուղղությունը՝ դեպի Քարագլուխ» անոնսով։ Մինչ այդ մամուլում խոսվել էր «մի քանի ուղղություններով սադրանքների մեծ հավանականությունից»։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նույնպես իրավիճակը ներկայացրեց «պատերազմից հինգ րոպե պակաս» գնահատմամբ։ Փաստը, սակայն, այն է, որ Ադրբեջանը Փառուխի ուղղությամբ գրոհ չի ձեռնարկել, մարտական գործողություն չի իրականացրել։ Մեկ օր առաջ Պաշտպանության բանակի հենակետերը հետ են քաշվել, շփման գիծը բացվել է, որտեղից էլ ադրբեջանական զինուժը ներթափանցել է գյուղ, ապա շարժվել դեպի Քարագլխի բարձունք, եւ նրա առաջխաղացումը ոչ թե խաղաղապահներն են կասեցրել, այլ Արցախի ուժային կառույցներն ու տագնապով կազմավորված ինքնապաշտպանական ջոկատները։
Թե ինչու է այս իրողությունը ներկայացվում որպես Արցախում «էթնիկ զտում իրականացնելու» ադրբեջանական փորձ, ոչ միայն անհասկանալի, այլեւ վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել է՝ քաջ գիտակցելով, որ տեղահանված հայ բնակչությունը վերադառնալու է Ստեփանակերտ եւ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հարուրավոր այլ բնակավայրեր, Արցախի փաստացի իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իրավապահ համակարգը, պետական բոլոր հաստատությունները գործելու են, Պաշտպանության բանակը չի կազմալուծվելու, չի զինաթափվելու։
Բաքուն, իհարկե, կցանկանա, որ Արցախում հայեր չապրեն, բայց չէ՞ որ զինադադարի պայմանավորվածության կողմ է նաեւ Ռուսաստանը, այդ երկրի խաղաղապահ զորախումբն է կանգնած «Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»։ Ո՞րն է «Լեռնային Ղարաբաղում շփման գիծը», եւ որո՞նք են Լաչինի միջանցքի աշխարհագրական պարամետրերը։ Դրանք հաստատո՞ւն են, ինչ-որ տեղ արձանագրվա՞ծ են։
Փառուխի եւ Քարագլխի ուղղությամբ ռուս խաղաղապահների դիտակետերի փոփոխություն չի արձանագրվել, ինչպես ցույց են տալիս ՌԴ ՊՆ հրապարակած օպերատիվ քարտեզները։ Ստացվում է այնպես, որ ռուս խաղաղապահները Քարագլխի որոշ դիրքերում կանգնած ադրբեջանցի զինվորականների թիկունքում են։
Եվ երբ վարչապետ Փաշինյանը խնդիր է դնում, որ երեւույթը պետք է հետաքննվի, Արցախի որոշակի շրջանակներ Փառուխում կատարվածը մեկնաբանում են «զորքերի հայելային հետքաշման վտանգավորության» կանխավարկածով։ Իսկ հարցին՝ «Փաշինյա՞նն է տվել Փառուխից ՊԲ հենակետերը դուրս բերելու հրաման», պատասխան չի հնչում։ Կամ քեզ միջնորդավորված մեղադրում են «հակառուսական տրամադրություններ սերմանելու» համար։ Ի՞նչ «հակառուսականություն» կամ «պրոռուսականություն», երբ խոսքը վերաբերում է ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի թշնամու զինուժի անարգել ներխուժմանը։
Դա ի՞նչ է։ Ադրբեջա՞նն է փորձության ենթարկել ռուսական կողմին, ստուգել նրա աչալրջությունը։ Մեկ ամիս առաջ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագիր ստորագրած Ալիեւը մի՞թե այդքան պարզունակ քայլի կգնար։ Հայկական կողմի դիմադրողականությո՞ւնն է «ստուգարքի ենթարկվել»։ Ամենահավանականը, թերեւս, դա է։ Խոսքը միայն ուժային կառույցների մասին չէ, այլեւ պետական համակարգի, հանրության։ Քաղաքագիտական բարձր պատրաստվածության կամ բացառիկ տեղեկացվածության կարիք չկա, բավական է լսել ստեփանակերտցիներին, որ իրավիճակը գնահատում են մայրաքաղաքի․․․ փողոցային երթեւեկության խտությամբ, որ ուղիղ համեմատական է Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների դիտարկումներին՝ կա՞ դեպի Հայաստան արտառոց շարժ։
Դիտարկում իրականացնում է նաեւ Ադրբեջանը, թե չէ Շուշիի «Երեւանյան դարպասների» մոտ ռազմական ոստիկանության հենակետ ինչո՞ւ է տեղադրել։ Մարտի վերջին օրերին Ստեփանակերտում, ճիշտ է, մեծ խցանումներ չկային, բայց պատկերը խուճապային չէր։ Չնկատվեց նաեւ շրջաններից դեպի «ավելի ապահով» մայրաքաղաք հոսք։ Փառուխից Ասկերան ուղիղ գծով մի քանի կիլոմետր է, բայց մարտի 29-ին ինձ այնտեղից գրեցին, որ «ամեն ինչ սովորական է, երեխաները բակում խաղում են», եւ դա քարոզչություն չէր։
Փորձությունն, իհարկե, անցած չէ։ Այս տուրբուլենտ աշխարհում անգամ Փարիզն ու Մոսկվան կատարյալ անվտանգության երաշխիքներ չունեն։ Պետք է սովորել թշնամու կողքին ապրելուն, ոչ թե պատեհ-անպատեհ խոսել «բնաջնջման եւ ցեղասպանության արհավիրքի» կամ «օրհասական վիճակի» մասին։ Փառուխը, գուցե, աշխարհաքաղաքական նախագծումի «մանրակերտ» է, որի առարկայացման դեմ ավանդական քարոզչությունը, պետք է խոստովանել, ոչինչ անել ի զորու չէ։
Պետք է «խորքը նայել» եւ փորձել հասկանալ, թե դիմադրողականությունից գործնական ինչ կարող ենք շահել կամ ինչ ունենք ներգրավելու տնտեսա-կոմունիկացիոն «ճարտարապետության» մեջ։ Իսկ որ նման հեռանկար ուրվագծվում է, չպետք է կասկածել։ Անվտանգությունը միայն բանակի դեմ կանգնած բանակը չէ, միայն սպառազինությունը չէ։ Նաեւ իրականության հանդեպ պետական-քաղաքական-հանրային համարժեքությունն է, վաղվա կանխատեսելիության սեփական «իմունիտետը»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։