Պատերազմի լուրը ստանալուն պես Նարեկը կամավորագրվել եւ արծաթագործի գործիքը փոխարինել էր զենքով։ «Երբ լսեցի հարձակման մասին, միայն մի բան եկավ մտքիս՝ պետք է գնալ եւ պաշտպանել հայրենիքը, այլ տարբերակ չկա»,- պատմում է մեր զրուցակիցը։
Նարեկը երեսունմեկ տարեկան է, աշխատում է նաեւ «Գրանդ Տոբակո» գործարանում որպես մեքենավար։ Արծաթագործությամբ զբաղվում է եղբոր հետ, որին մինչ կամավորագրվելը ծանուցագիր էին ուղարկել զինկոմիսարիատից, բայց այդպես էլ չէին կանչել։
«Կարծում եմ՝ ինձ նման մարդիկ ռազմաճակատ մեկնում են խորին համոզմամբ, որ դա կարող է լինել իրենց վերջին օրը»,- ասում է մեր հերոսը, որ ծառայությունն անցկացրել է Մռավի լեռնաշղթայի տարածքում սեպտեմբերի 29-ից եւ շարունակել հրադադարից հետո էլ։
Որդու որոշմանը Նարեկի հայրը այսպես է արձագանքել՝ «Ես գիտեի, որ հանգիստ տեղդ նստող չես», իսկ մայրը տեղյակ չի եղել։ «Ընտանիքս գիտեր, որ եթե նման բան պատահեր, ես առանց ասելու մեկնելու էի եւ այդպես էլ արեցի. մի քանի իր դրեցի պայուսակիս մեջ եւ տնից դուրս եկա»,- պատմում է մեր զրուցակիցը։
Պատերազմական ծանր օրերին, իհարկե, շատ էին դեպքերը, երբ հրաշքով են փրկվել․ մի անգամ, երբ մնացել են ականակոծման տակ, դիմացի լանջին արկ է պայթել, եւ բեկոր է դիպել սաղավարտին, ականջներում ուժեղ խշշոց է լսել, մտքում շնորհակալ է եղել, որ բախտը բերել է, եւ առաջ են շարժվել։
Որեւէ բանի պակաս չեն զգացել, տրամադրությունը բարձր էր։ Հանգիստ էին ու դրական տրամադրված, բայց գիտակցելով վտանգի առկայությունը՝ զգոն, ուշադիր ու ամեն պահի պատրաստ կռվելու։ «Զորամասերից մեկից կացին ուզեցինք, փոխարենը քլունգ ուղարկեցին, ստիպված սկսեցինք դրանով փայտ կոտրել։ Տղերքից մեկն ասաց՝ «Փեդի հանք ենք բացել»»,- հիշում է մեր զրուցակիցը։
Հրադադարի մասին իմացել են, երբ առաջնագծում էին, դատարկություն էին զգում։ «Մեր մեծ սխալներից մեկը թշնամուն թերագնահատելն էր։ Նաեւ այն, որ ամեն գործին, այսպես ասած, մատների արանքով ենք նայում․ ի՞նչ է նշանակում «ծառայության ժամանակ պարապ ֆռֆռում էի», զինվորը պարապ չպետք է մնա։ Մենք կարգապահ չենք, չունենք սեփական գործի նկատմամբ պատասխանատվության զգացում։ Հիմա պարտության մեջ մեղավոր փնտրելը անիմաստ է. բոլորս էինք մեղավոր»,- կարծում է Նարեկը։
Պատերազմը թողել է իր հետքը եւ ստիպում է այլ կերպ անդրադառնալ որոշ հարցերի՝ թե՛ առօրյայի, թե՛ շրջապատող մարդկանց վերաբերյալ։ Նարեկը համարում է, որ ունի ոչ թե ապրածը հաղթահարելու, այլ հիշելով եւ հետեւություններ անելով ապրելու խնդիր, որը հարկավոր է ամեն օր լուծել։ «Ես շատ արագ եմ կարողանում ընտելանալ եւ մտնել կյանքի բնականոն հունի մեջ, որեւէ արժեք չի փոխվել ինձ մոտ, քանի որ ես միշտ էլ մարդկային արժեքները գերադասել եմ նյութականից։ Ինձ համար միշտ էլ առաջնային են եղել կարեկցանքը, ձեռք մեկնելու ունակությունը թե՛ առօրյա, թե՛ դժվարին խնդիրների ժամանակ. թեկուզեւ գիտակցում ես՝ շատ բան չես կարող անել, միեւնույնն է, կարո՛ղ ես օգնել»,- ասում է մեր զրուցակիցը։