ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանն այս պահին, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց մտադիր էր հասնելու Ուկրաինայում պատերազմի ընթացքում։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ Ռուսաստանը հարձակողական գործողությունները կկենտրոնացնի Ուկրաինայի արեւելքում եւ հարավում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում՝ փորձելով ավելի մեծ տարածքներ գրավել Դոնբասում՝ նախորդած ռազմական ձախողումները քողարկելու համար։
«Ռուսաստանը փորձեց իրեն ենթարկել ամբողջ Ուկրաինան, սակայն ձախողվեց։ Հիմա էլ փորձում է իրեն ենթարկել երկրի մի մասը»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ տվյալ փուլը կարող է ձգվել «մի քանի ամիս կամ ավելի երկար»։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ռուսական ուժերը կենտրոնանում են Դոնբասի «ազատագրման» վրա՝ շեշտելով, որ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» առաջին փուլի խնդիրները հիմնականում կատարվել են։