Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների մասին:
Ըստ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ դատարանը ստացել է Հայաստանի եւ գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ։ Ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում՝ առաջարկելով պատասխանող [Ադրբեջանի] կառավարությանը ներկայացնել տեղեկատվություն համապատասխան անձանց մասին:
Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին պնդումներ :
ՄԻԵԴ-ը կոչ է արել պահպանել կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, այն է՝ հարգել կյանքի իրավունքն ու զերծ մնալ խոշտանգումների եւ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, պատժի տեսակների կիրառումից:
ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաեւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը եւ՝ ընդհանուր առմամբ 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում: