Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախօրեին հատուկ ուղերձով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, խոսել է աշխարհում անվտանգային համակարգի արմատական փոփոխման, միջազգային իրավունքի ամրապնդման, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի անհապաղ բարեփոխման անհրաժեշտության մասին:
Նա ասել է, որ իրավիճակը շարունակվելու դեպքում ամեն մի երկիր սեփական անվտանգությունն ապահովելու համար կսկսի ապավինել միայն զենքի ուժին: Այդ դեպքում ՄԱԿ-ի աշխատանքը առհասարակ դադարեցնելու անհրաժեշտություն կծագի:
«Պետք է այնպիսի բարեփոխումների դիմել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չվերածվի սպանելու իրավունքի»,- շեշտել է Զելենսկին եւ հավելել, որ Ուկրաինայում պատերազմական հանցանքներ կատարած ռուսաստանցի զինծառայողները պետք է պատժվեն:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Ուկրաինայի խնդրում գործելու երկու ճանապարհ ունի. չեզոքացնել Ռուսաստանն իբրեւ պատերազմի աղբյուր, որից հետո այդ երկիրը կզրկվի վետոներով իր ագրեսիայի վերաբերյալ ընդունված որոշումներն արգելափակելու հնարավորությունից, կամ պարզապես մի կողմ քաշվել:
«Եթե խոսելուց բացի այլ բանի ընդունակ չեք, այլ տարբերակ չի մնում: Ուկրաինային խաղաղություն է պետք, Եվրոպային խաղաղություն է պետք, ամբողջ աշխարհին խաղաղություն է պետք»,- ասել է Զելենսկին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին հայտարարել է, թե ռուսական բանակն Ուկրաինայում խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին:
Դիմելով Զելենսկուն՝ Նեբենզյան ասել է, որ Ռուսաստանը եկել է ոչ թե Ուկրաինան նվաճելու, այլ Դոնբաս խաղաղություն բերելու նպատակով: