«Ռոսավիացիա»-ն յոթերորդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում: Թռիչքների ժամանակավոր սահմանափակումը մասնավորապես կգործի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Այս անգամ թռիչքների արգելքը կգործի մինչեւ ապրիլի 13-ը:
Այդ քաղաքներ ուղեւորափոխադրումը կազմակերպելու համար ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել է օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններից:
Գերատեսչությունում հավաստիացրել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով:
Թռիչքների սահմանափակումները ՌԴ տարածքում մտցրել է «Ռոսավիացիա»-ն փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու օրը: Ավելի ուշ դրանք վեց անգամ երկարացվել են: