Եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաեւ Եվրամիությունը հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Արտաքսված տասնյակ ռուս դիվանագետներից մի քանիսը լրտեսության մեղադրանքով հայտարարվել են «անցանկալի անձ»։
Մասնավորապես, ըստ բրիտանական Reuters գործակալության, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին նախօրեին փոխանցել է ՌԴ դեսպանատան «անցանկալի անձ» հայտարարված աշխատակիցների ցանկը։
Փարիզն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ։
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից մի քանի դիվանագետի վտարելու որոշում է ընդունել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Իսպանիան ապրիլի 5-ին որոշել է արտաքսել 25 դիվանագետի, Շվեդիան՝ երեք, Իտալիան՝ 30։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության նկատառումներով:
Բեռլինն իր հերթին «անցանկալի անձ» է հայտարարել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան եւ հյուպատոսության 40 աշխատակցի՝ ընդգծելով, որ դրանով արձագանքում է Բուչայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ խաղաղ բնակչության ջարդերի մասին տեղեկությանը։
Սլովենիան, որոշելով կրճատել ռուս դիվանագետների թիվը երկրում, հայտարարել է, որ Լյուբլյանայում ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը կհամապատասխանեցնի Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետների թվին: Էստոնիայի ԱԳՆ-ն նույնպես որոշել է արտաքսել 14 ռուս դիվանագետի, Դանիան՝ 15-ի, Պորտուգալիան եւ Ռումինիան՝ 10-ական դիվանագետի։
Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաեւ Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեխիան։
Մոսկվան խոստացել է համարժեք արձագանքել արեւմտյան երկրների այս ոչ բարեկամական գործողություններին:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դիվանագետների արտաքսումը նվազեցնում է հաղորդակցության հնարավորությունները միջազգային իրավիճակի ներկա պայմաններում։
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտարարել է, որ Մոսկվան դեմ է եվրոպացիների հետ հարաբերությունների խզմանը։