Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով՝ մարտի 28-ից մինչեւ ապրլի 3-ը ՔՈՎԻԴ-19-ից ավելի քան 9 միլիոն մարդ է վարակվել, կորոնավիրուսը խլել է 26 հազար 285 մարդու կյանք: ՔՈՎԻԴ-19-ից մահացու վախճանների թիվը նախորդ յոթ օրվա համեմատ նվազել է 43%-ով, իսկ վարակման դեպքերի թիվը կրճատվել է 16%-ով:
ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրի համաձայն՝ շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել 10 միլիոն 351 հազար 818 մարդու վարակման մասին:
Մարտի 21-27-ի համեմատ վարակվածների թվի նվազում է արձանագրվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում: Մասնավորապես Աֆրիկայում վարակման դեպքերը նվազել են 19%-ով, Եվրոպայում՝ 16%-ով, Արեւմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 15%-ով: Կորոնավիրուսից մահացության նվազում նույնպես արձանագրվել է բոլոր տարածաշրջաններում, ընդ որում՝ Հարավարեւելյան Ասիայում այդ թիվը նվազել է 73%-ով, իսկ Ամերիկայում՝ 63%-ով:
Նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է Հարավային Կորեայում՝ 2 միլիոն 58 հազար 375 դեպք: Այնուհետեւ հաջորդում են Գերմանիան՝ 1 միլիոն 371 հազար 270, Ֆրանսիան՝ 959 հազար 84, Վիետնամը՝ 796 հազար 725 եւ Իտալիան՝ 486 հազար 695 դեպքերով:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում արձանագրվել են ամենից շատ մահացության դեպքեր, այստեղ կորոնավիրուսը խլել է 4435, Ռուսաստանում՝ 2357, Հարավային Կորեայում՝ 2336, Գերմանիայում՝ 1592 եւ Բրազիլիայում՝ 1436 մարդու կյանք:
Մահվան դեպք չի արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրիլի 6-ի 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 610 դեպք, որից 410 հազար 252-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2060 խնամյալ:
Մեկ օրում կատարվել է 2479 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Ապրիլի 6-ի 11:00-ի դրությամբ առողջացել է 23 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 988 հազար 475-ի: