«Էրդողանը ցինիկաբար հիմնել է մասնավոր աշխարհազորայինների ցանց, որոնք ամբողջությամբ համալրված են Սիրիայից ներմուծված մարտիկներով: Նրանց դերն Էրդողանի՝ տարածաշրջանում Օսմանյան կայսրության ունեցած ազդեցությունը վերականգնելու ցանկությունն ի կատար ածելն է»,-գրում է Arab News-ը։
«Էրդողանը օգտագործում է աշխարհազորայիններին Միջին Արեւելքն ապակայունացնելու համար» հոդվածի հեղինակներ Դր. Հեյ Էյտան Քոհեն Յանարոցակը եւ Դր. Ջոնաթան Սպայերը կարծում են, որ այս կառույցն օգտագործվում է ինչպես ներքին բռնաճնշումների, այնպես էլ Թուրքիայի կառավարության կողմից երկրից դուրս արկածախնդիր գործողությունների համար: Որպես հետեւանք, այն վատ է անդրադառնում ինչպես Մերձավոր Արեւելքի կայունության, այնպես էլ Թուրքիայում ժողովրդավարության համար մղվող պայքարի վրա:
Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան ռազմական միջամտություններ է արել Սիրիայի հյուսիսում եւ Հյուսիսային Իրաքում, աջակցություն է առաջարկել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբին, Միջերկրական ծովի արեւելքում հակամարտության մեջ է մտել հույն եւ կիպրոսյան հարեւանների հետ, Ադրբեջանում եւ Լիբիայում ռազմական աջակցություն է ցուցաբերել իր դաշնակիցներին՝ հաճախ անկայունության եւ զոհերի գնով։
«Կառույցի հիմնական գործառույթն է եղել Թուրքիայի նախագահին տրամադրել մատչելի, կազմակերպված, լավ վարժված, հեշտ տեղաշարժվող եւ վստահելի օտարերկրյա աշխատուժի մեծ խմբաքանակ՝ որպես իշխանության ամրապնդման գործիք»,-գրում են Arab News-ի հեղինակները: