Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան մեզ ծանոթ են ու մոտ, hետեւաբար ավելի քան բնական է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանում քննարկվում ու տեսակետների բախման առիթ է դառնում։ Կան Ռուսաստանի կողմնակիցներ, որոնք կարծում են, թե այդ երկիրը մեծ եւ հզոր լինելով իր կամքն իր նախընտրած եղանակով աշխարհին թելադրելու իրավունք ունի։
Կան Ուկրաինայի կողմնակիցներ, որոնք Ռուսաստանի ագրեսիան ոչնչով չարդարացված ծավալապաշտական ու դատապարտելի արկածախնդրություն են համարում։
Կան, ըստ իրենց, Հայաստանի շահերով առաջնորդվողներ, որոնք պնդում են, թե Ռուսաստանն է Հայաստանի միակ պաշտպանը, առանց այդ պաշտպանության Հայաստանը կկործանվի, թե ուժեղ Ռուսաստանի գոյությունը մեր շահերից է բխում, ուստի Հայաստանի ապագայով մտահոգ մեկը պետք է Ռուսաստանի հաջողությամբ շահագրգռված լինի։
Կան ցինիկ-չեզոքներ, որոնք հայտարարում են, թե մեր երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող երկու ժողովուրդներ, եթե որոշել են կոտորել իրար, թող կոտորեն, մեր հոգսը չէ։
Իրարամերժ այս ճամբարներում ներգրավված հայաստանցիները, սակայն, մեկ ընդհանուր բողոք են հնչեցնում․ ինչո՞ւ Հավաքական Արեւմուտքը, որ այսօր այդքան գործուն աջակցում է Ուկրաինային, 44-օրյա պատերազմի ժամանակ նույն ջանասիրությամբ մեզ չէր աջակցում։
Ուկրաինային ցուցաբերված աջակցությունը խանդ է առաջացնում։ Ուկրաինայի ֆոնին մենք մեզ լքված ու դավաճանված ենք տեսնում։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս խանդը։ Որքանո՞վ են իրավասու Արեւմուտքին նետած մեր մեղադրանքները, թե նրանք երկակի չափորոշիչներով են առաջնորդվում։ Որքանո՞վ են հիմնավոր մեր ակնկալիքները։
Ինչո՞ւ է մեզ թվում, թե Արեւմուտքը պարտավոր էր կամ պարտավոր է մեզ պաշտպանել։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե Հավաքական Արեւմուտքի աստիճանակարգում Ուկրաինան եւ Հայաստանը նույն ցանկում են։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե տարիներ շարունակ Հավաքական Արեւմուտքի շահերի դեմ դիրքավորված Ռուսաստանի կցորդ հանդիսացող Հայաստանը պետք է նույն այդ Արեւմուտքից ստանար այն աջակցությունը, ինչ Արեւմուտքի դաշնակից Ուկրաինան։
Եթե Արեւմուտքից աջակցություն ենք ակնկալում, ուրեմն պետք է Արեւմուտքի շահերի ու արժեքների տիրույթում լինենք։ Այլ կերպ հնարավոր չէ։
Ընտրության հնարավորություն մենք միշտ ենք ունեցել եւ ընտրել ենք Ռուսաստանի կցորդը լինելու տարբերակը։ Ոչ թե Ռուսաստանի դաշնակիցը, ինչպես եղել ենք 1990-ականների ընթացքում, այլ հնազանդ կցորդը լինելու վճիռ ենք կայացրել։ Ամենայն ջանասիրությամբ փակել ենք դեպի Արեւմուտք տանող բոլոր բաց ու կիսաբաց դռներն ու պատուհանները։ 2000-ականների ողջ ընթացքում ու այսօր մենք մեր բոլոր հաշվարկները Ռուսաստանով ենք պայմանավորել։ Մեր երկիրը թույլ, պաշտպանության անունակ ու անկարող գտնելով՝ մեր տնտեսությունը, անգամ մեր պաշտպանությունն ու անվտանգությունն ենք այդ երկրին վերապահել։
Ռուսաստանին որպես մեր լինելիության միակ գրավական ենք դիտարկել ու դիտարկում։ Առանց Ռուսաստանի չենք կարող. սա է այն հիմնական միտքը, որ մեզանում կրկնվում ու կրկնվում է։ Այս ելակետից էլ արդարացնում ենք Ռուսաստանի ցանկացած գործողություն՝ կլինի դա միջազգային նորմերի կոպտագույն խախտում, Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմ, թե մեր հակառակորդին ցուցաբերված անսքող աջակցություն ու մեր շահերի ոտնահարում։
Սա է մեր ընտրությունը։ Բոլորովին կարեւոր չէ, թե այն մեր վզին փաթաթվել է Ռուսաստանի դրածո կամ Ռուսաստանի շահերը սպասարկող մեր անարժան իշխանավորների ջանքերով։ Այս ընտրությամբ է պայմանավորված, թե ինչ կարգի աջակցություն կստանանք Արեւմուտքից։ Հումանիտար բնույթի տարատեսակ աջակցությունները, որ այնտեղից ստանում ենք, նրանց աշխարհընկալումից է բխում։ Միայն նրանք կարող են վճռել՝ անել ավելի՞ն, թե՞ արվածը բավարար համարել։ Նրանց պահանջներ ներկայացնելու իրավունք մենք չունենք, որովհետեւ մենք նրանց ճամփակիցը չենք։ Մենք նրանց հակառակորդի ճամբարից ենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։