ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը հաղորդել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ:
Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարեւորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տեւական ու կայուն հանգուցալուծման:
Քննարկվել են նաեւ երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: