Ըստ Associated Press գործակալության՝ աշխարհում առաջին անգամ ամերիկացի վիրաբույժները՝ դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ հաջող վիրահատություն են արել։ Վիրահատվողը եղել է Նյու Ջերսիի բնակիչ Ջո Դիմեոն, որը 2018 թվականին գիշերային հերթափոխից տուն վերադառնալիս քնել էր ղեկին, մեքենայով մխրճվել պարսպի մեջ եւ բռնկված կրակից 80 տոկոսանոց այրվածք ստացել։
Վթարից հետո Դիմեոն չորս ամիս անցկացրել է հիվանդանոցում եւ 20 վիրահատություն տարել: Նա զրկվել է ձեռքերի մատներից, կոպերից, իսկ դեմքի եւ պարանոցի վրա սպիներ էին մնացել, որոնք դժվարացնում էին շարժվելը:
2019 թվականին բժիշկները որոշում են ընդունում մահացած դոնորից վերցված դեմքի եւ ձեռքերի փոխպատվաստման մասին։ Վիրահատության ժամանակ, որը տեւել է 23 ժամ, փոխպատվաստել են տուժածի ամբողջ մաշկը եւ կռճիկները՝ մինչեւ պարանոց, այտոսկրային աղեղները, քթոսկրերը եւ ստորին ծնոտը:
Փոխպատվաստումից կես տարի անց Դիմեոն կրկին կարողացել է աչքերը թարթել, բարձրանցնել հոնքերը, դեմքը կնճռոտել, ինչպես նաեւ ինքնուրույն հագնվել, խաղալ շան հետ եւ նույնիսկ գոլֆ խաղալ: Բայց հյուսվածքների անջատումը կանխելու համար պետք է, որ նա ամբողջ կյանքում իմունոդեպրեսանտներ ընդունի։