Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը գնահատել է գերազանց եւ բավականին արդյունավետ։
Ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են մինչեւ ապրիլի վերջը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել:
Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը, սահմանագծի երկայնքով եւ մերձակայքում կայուն եւ անվտանգ իրավիճակի ապահովումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները նաեւ արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Բանակցությունների ավարտին հրապարակած իր ծավալուն հայտարարությունում անդրադառնալով երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման կարեւորությանը՝ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ միջադեպերի կանխարգելման եւ լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջեւ համապատասխան հեռավորության ապահովումը։
Եվրամիության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների եւ տրանսպորտային կապերի վերականգնումը։
Եվրամիության պաշտոնական հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում չկա
Շառլ Միշելը նաեւ ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարեւորությունը վստահության եւ խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն կաջակցի այդ, ինչպես նաեւ փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին։
Եվրամիությունը պատրաստ է օգնություն տրամադրելու նաեւ ավելի քան մեկուկես տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետեւանքով տուժած բնակչությանը։
Եվրոպական խորհրդի նախագահի՝ Բրյուսելում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում չկա։
Լեռնային Ղարաբաղի մասին ասվում է միայն հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում. «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։