Ապրիլի 7-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը:
Բակալավրիատ՝ 2927 անվճար տեղ
2022-2023 ուստարվա համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին:
ԿԳՄՍՆ բուհերին տրված 1943 անվճար տեղերից 1105-ը (56,9%-ը) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից 414-ը (37,5%-ը)՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտություններին: Այս ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար տեղերը 100-ով ավելացվել են:
Նախորդ տարիների նման այս տարի եւս ընդունելության առանձին տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:
ՀՀ եւ Արցախի ՊՆ-ին, ոստիկանությանը, ԱԻՆ-ին տրամադրված անվճար տեղերը
ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 421, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին` 55 (3 տեղ՝ Արցախին), ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային` 60 տեղ (5 տեղ՝ Արցախին): ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար սահմանվել է 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախին: Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի համար հատկացվել է 60 տեղ:
Սփյուռքահայ դիմորդներին՝ 70, օտարերկրյա քաղաքացիներին՝ 13 անվճար տեղ
Օտարերկրյա քաղաքացիների համար հատկացվել է 83 անվճար տեղ, որից սփյուռքահայ դիմորդներին հատկացվել է 70, միջպետական պայմանագրերի շրջանակում ուսուցման նպատակով օտարերկրյա քաղաքացիներին՝ 13 տեղ:
22 հազար 300 վճարովի տեղ
Վճարովի ուսուցման ընդունելության համար բակալավրի կրթական ծրագրով հատկացվել է 22 հազար 300 տեղ:
Մագիստրատուրա՝ 1416 անվճար տեղ
Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2022-2023 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ տրամադրվել է 1416 տեղ, որից 1101-ը` ՀՀ պետական բուհերին:
2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի (մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին եւ շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը, 2021-2022 ուստարվա համեմատ, ավելացել է 22 տեղով:
Մագիստրոսի կրթական ծրագրով Արցախի համար հատկացվել է 30 տեղ:
Եվս 23 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ:
Ասպիրանտուրա՝ 151 առկա եւ 35 հեռակա անվճար տեղ
Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա եւ 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ:
Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին: Նույն ուղղությանը կհատկացվի նաեւ հեռակա ուսուցման 35 տեղերից 20-ը (57.14%-ը): Անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաեւ հայագիտության, արվեստի ոլորտներին եւ հասարակական գիտություններին:
Արցախի եւ պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են ուսուցման 2 առկա եւ 6 հեռակա անվճար տեղեր: