1992 թվականի օգոստոսյան մի օր մտա ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ: Պաշտոնը նոր էր ստանձնել: Ոչ կարգին առանձնասենյակ ուներ, ոչ՝ գործավար: Խնդիրս պարզ-մարդկային էր: Ստեփանակերտը ռմբակոծվում էր, խաղաղ բնակչությունը՝ տարհանվում: Թույլտվություն էր պետք: Գզրոցից անխոս մաքուր ձեւաթուղթ հանեց՝ տվեց ինձ: Իբր՝ ում անուն ուզում ես՝ գրիր, կհաստատեմ: Եւ գրիչը մեկնեց ինձ: Գրեցի՝ Ղուլյան Նինել Հովհաննեսի, Աթանեսյան Տիրան Վահրամի: Մայրս, հնգամյա որդիս: Հետո Z դրեցի, վերադարձրի: Լուռ ստորագրեց, կնքեց:
Նախօրեին «գրադով» հարվածել էին Ստեփանակերտի ուղիղ կենտրոնին: Նրա առանձնասենյակի լուսմուտներն անապակի էին: Օգոստոս ամիսն էր: Չորս օր ամեն առավոտ մայրս, կինս, որդիս եւ ես գնում էինք ավտոկայան: ՊՊԿ-ի նախագահի ստորագրությամբ թույլտվությունը, սակայն, Ստեփանակերտ-Երեւան երթուղու քառասուն տեղանոց «Իկարուս» ավտոբուսում մի ազատ նստարանի իրավունքի ուժ չուներ:
Գնում եւ գնում էին՝ նախկին պաշտոնյաներ, խորհրդային ընդհատակյա բիզնես-աշխարհի երեւելիներ: Գնում էին բեռներով:
Հինգերորդ օրը մորս ու երեխային մի կերպ ավտոբուս խցկեցինք: Տասներկու ժամ մայրս հնգամյա թոռանը գրկած, ինքը՝ մի ոտքի վրա՝ անցել է դժոխքի այդ ճանապարհը, բայց ամենանողկալին առջեւում էր, երբ պիտի իմանայի, տեսնեի, որ 88-ին տասնյակ հազարավոր մարդկանց անհնազանդության կոչողներից շատերն, ախր, Երեւանում վաղուց տան, բնակարանի, գործի տեր են: Առնում-տալիս են: Փող են աշխատում:
Լքվածության, ավելորդության այդ զգացողությունն առայսօր ինձ հետ է: Երբ չեմ կարողանում բացատրել, թե քաղաքական, պետական կարգավիճակի հավասարությունից ոմանք այդ ինչպե՞ս առանձնացրին իրենց: Իրենց զավակներին:
Ինչո՞ւ: Անպատասխան հարցեր են: Անիմաստ: Ժամանակավրեպ:
Հիշում եմ ապրիլյան քառօրյայի ավլած-սրբած Ստեփանակերտը: Իսկ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում՝ կամուֆլյաժավորների հոծ բազմություն: Սեպտեմբերին չկային: Ինչո՞ւ: Մեր շենքի նկուղում սպասում էին, որ 72 ժամը լրանալուն պես պատերազմը կկանգնեցնեն:
Ո՞վ, ինչպե՞ս: Ինչու՞ հատկապես 72 ժամը լրանալուց:
Եւ երբ իրենց ասածով չեղավ, քաղաքի ավելի կենտրոնական մասի մի ապաստարանից լուր առան, որ «մինչեւ Նիկոլը հրաժարական չտա՝ Պուտինը թուրքերին չի կանգնեցնելու»: Հենց այդպես՝ պատերազմը կարող է կանգնեցնել Պուտինը, բայց չի անի, մինչեւ «Նիկոլը հրաժարական չտա»: Նկուղային Ստեփանակերտի եւ ամենավերջին գյուղում մնացած տնային տնտեսուհու մտքին միայն Նիկոլի հրաժարականն ու պատերազմը կանգնեցնելու Պուտինի վճռական խոսքի սպասումն էր:
Առաջին պատերազմի ամենադժնդակ օրերին անգամ, երբ թշնամին Ստեփանակերտի մատույցներն էր գրոհում, ոչ ոք հրաշքի ակնկալություն չուներ: Օդում տեսնում էինք թշնամու ռմբակոծիչը, բայց զարհուրանքի զգացողություն չկար: Ռմբակոծության որոտները դեռ չմարած՝ նստում, խմբագրության լրիվ անպաշտպան-փայտամած շենքում գրում էինք հերթական հոդվածը ռազմաճակատում հրաշքներ գործող տղաների, մոտալուտ հաղթանակի եւ գալիք պայծառ ժամանակների մասին:
Այս անցած պատերազմին ոչ մի լավ սպասում չկար: Ինչու՞:
Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել էր Երեւան, մտել իր սեփական բնակարանները, առանձնատները: Եւ նրա համար արդեն մեկ էր՝ ի՞նչ ելք կունենա պատերազմը: Ստեփանակերտը լքել էր իրեն: Լքվածն ու լքողն ի՞նչ սպասելիք պիտի ունենային:
Պատերազմի 24-րդ օրը կնոջս ստիպված էի Երեւան տեղափոխել: Բարձր ջերմություն ուներ: Երբ հնարավորությունն սպառվում է, մարդուն օգնության է գալիս դիպվածը, բայց առաջին պատերազմի երրորդ խմբի հաշմանդամ վարորդին արգելված էր Հայաստան մտնել: Ասաց՝ մինչեւ Տեղ կտանեմ: Տեղից՝ Գորիս, Գորիսից՝ Երեւան: Եւ՝ չոր հաշիվ: Ոչ մի էմոցիա:
Ի՞նչ է կատարվել մեր ժողովրդի հետ: Բարոյականի խզումն ինչի՞ց է սկսվել: Անբացատրելի է: Բերդաձորի Հին շենի համայնքապետը թաց աչքերով պատմում է, որ մտել, իր նստավայրից համակարգիչներ են տարել: Թուրքեր չէ, հայեր են եղել: Ո՞վ, որտեղի՞ց: Ի՞նչ իմանաս: Դռները ջարդել, երկու համակարգիչ են գողացել:
Տարհանված բոլոր գյուղերում էլ նույն պատկերն է: Ով ինչ հասցրել՝ քերել-տարել է: Խնջույք ժանտաժտի ժամին: Բերդաձորից ռուսաստանաբնակ տղաներով հավաքվել՝ գումար են հանգանակել, գյուղերում դպրոց են վերանորոգել, համայնքապետարան, հանդիսությունների տուն: Ամեն ինչ կողոպտված է:
Այստեղով թո՞ւրքն է անցել: Ոչ, բարոյազրկումն է ավերել:
Բերդաձորցի Սեյրանը մասնագիտությամբ բժիշկ է, բայց Մովսես Յախշունցին անգիր գիտի: Սեյրանը Մոսկվայում գործ ունի: Առաջին պատերազմից հետո է տեղափոխվել, բայց այստեղ է: Անցյալ շաբաթ զանգեց՝ մի կտոր հաց ուտենք, մի քիչ խոսենք: Չստացվեց: Հացն ու գինին չի փախչի, մի օր կնստենք: Բայց դառնացածությունը կցրվի՞:
Անցյալ տարի Ռուսաստանում բերդաձորցի բարեկամս էր մահացել: Վերջին ցանկությունն էին կատարում՝ հողին հանձնեն եղբոր կողքին: Ստեփանակերտում դագաղը մի գիշեր մնալու խնդիր կար: Ասացին՝ գուցե եկեղեցո՞ւմ: Զանգեցի: Այդ զարմանքը չեմ մոռանա երբեք: Իբր՝ էդ ի՞նչ եղաք, որ ձեր մեռելին եկեղեցում մի գիշեր պահենք: Շուշիում հանգուցյալ եղբոր տնից վերջին հրաժեշտը կազմակերպվեց:
Բայց դա պատերազմի հետ ի՞նչ կապ ունի: Չգիտեմ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։