ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010-ի, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի վերաբերյալ 2009-ի, ինչպես նաեւ Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի Թագավորություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ 2009-ի Մարտի 1-ի գործով դատավճիռները:
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանն արդարացվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ հունվարին ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հունվարի 18-ին հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իրավունքները։
Սասուն Միքայելյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է ընդունել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու համար:
Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Արզումանյանը մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար եւ դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, եւ նա ազատ էր արձակվել:
2008-ի փետրվարին մայրաքաղաքում սկիզբ առած հետընտրական հավաքներում Առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի թիմակիցներն ընտրությունների արդյունքները կեղծված էին գնահատել եւ նոր քվեարկություն էին պահանջում։ Ավելի քան տասն օր տեւած հավաքներն ավարտվեցին մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած բախումներով, ինչի հետեւանքով 10 քաղաքացի զոհվեց, մի քանի տասնյակ մարդ բանտարկվեց։
Հայաստանի գործող վարչապետը, ինչպես նաեւ Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ 2007-ի սեպտեմբերին մեկնարկած՝ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ակտիվ աջակիցներից էին: