ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել:
Քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունում ասվում է, որ վերոնշյալ օրինագծով առաջարկվել է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55,1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների, այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսեւորման ձեւ է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:
Հանձնաժողովն, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջելու անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը:
Մասնակցել են քննարկմանը կառուցողական երկխոսության ակնկալիքով
Ապրիլի 4-ին օրինագծի հեղինակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ի պատասխան հասարակական կազմակերպությունների ապրիլի 3-ի՝ քաղաքացիական հասարակության հետ բանակցելու առաջարկիմ հաջորդ օրը ֆեյսբուքյան գրառման մեջ քաղհասարակության ներկայացուցիչներին ապրիլի 5-ին հրավիրել է օրինագծի քննարկմանը:
Թեպետ քննարկման կազմակերպման նման ձեւը Օրհուսի կոնվենցիայի պահանջների, ՀՀ Կառավարության կողմից հաստատված հանրային լսումների անցկացման կարգի խախտում է, սակայն կառուցողական երկխոսության ակնկալիքով քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Վերջիններս առաջարկել են հետ կանչել օրինագիծը, ձեւավորել աշխատանքային խումբ՝ նախարարության եւ իրենց ներգրավմամբ, եւ միասին լրամշակել օրինագիծը: Նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը խոստացել է համապատասխան ներքին գերատեսչական խորհրդակցություններից հետո ներկայացնել այդ առաջարկի վերաբերյալ դիրքորոշումը։
«Քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունն անորոշ է
«Մինչդեռ հաջորդ օրը օրինագիծը ներկայացրել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» արտահայտության մասով նշել, որ օրինագծի լրամշակված տարբերակում մեկնաբանվել է «քաղաքացիական անհնազանդություն» եզրույթը: Թե ինչպես է մեկնաբանվել եզրույթը, պարզ չէ, քանի որ օրինագծի լրամշակված տարբերակը հրապարակված չէ:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, եզրակացություն է տվել, որի համաձայն՝ նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Նշվել է, որ «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունն անորոշ է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ:
Կարծիքն անտեսելը հետընթաց է ժողովրդավարական արժեքներից
«Այսպիսով՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջելու անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը:
Անգամ Ազգային ժողովի հանձնաժողովը չարձագանքեց հասարակության կոչին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չքննարկեց նրանց մտահոգությունները որոշում կայացնելուց առաջ:
ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, մի՛ մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, իսկ սեփական ժողովրդի ձայնը չլսելը եւ կարծիքն անտեսելը հետընթաց է ժողովրդավարական արժեքներից:
Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին լինել կառուցողական, չքվեարկել այս վիճահարույց օրինագծի օգտին եւ հետ ուղարկել այն ՀՀ Կառավարություն լրամշակման: Հակառակ դեպքում կխորանա իշխանություն-հասարակություն անջրպետը»,-մասնավորապես ասված է հայտարարությունում: