Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել է 2022-ի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն՝ Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ:
2021-ին Վրաստանում գործառնություններ են կատարել 40 միջազգային ավիաընկերություններ, որոնք շուրջ 2,5 միլիոն ուղեւորների են փոխադրել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթերով:
Կորոնավիրուսի համավարակից առաջ, որն իր հետ բերեց թռիչքների դադարեցում, 2019-ին շուկայում գործառնություններ է կատարել 46 ավիաընկերություն, իսկ փոխադրած ուղեւորների թիվը հասել է 5,2 միլիոնի:
Ամռանը թռիչքները կիրականացվեն 70 ուղղություններով՝ շաբաթը 385-395 չվերթ: Ամառային սեզոնի բարձրակետում սպասվում է թռիչքների թվի ավելացում:
Առավել մեծ թվով թռիչքներն իրականացվելու են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, որտեղից կարելի կլինի Եվրոպայի եւ Ասիայի երկրներ թռչել 32 ուղղություններով: Քութայիսի միջազգային օդանավակայանից ինքնաթիռները թռչելու են 27, իսկ Բաթումի միջազգային օդանավակայանից՝ 8 ուղղություններով:
Միջազգային ճանապարհորդների համար օդանավակայանների բացումը զգալիորեն ազդել է Վրաստանում միջազգային ճանապարհորդների ընդհանուր թվի վրա: 2021-ին ընդամենն իրականացվել է Վրաստան միջազգային ճանապարհորդների 1,8 միլիոն այց, որոնց 51%-ը երկիր է ժամանել վրացական օդանավակայաններով: