ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
«Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:
«Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձեւավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ: