ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյույ Դունյուն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը խորացրել է պարենային անվտանգության եւ բնակչության համար վառելիքի հասանելիության խնդիրը եւ կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման:
«Արդեն ավելի քան երկու տարի ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակում է բացասաբար անդրադառնալ մեր կյանքի, առողջության եւ տնտեսության վրա` ամենից շատ հարվածելով բնակչության ամենաաղքատ շերտերին: Վերջիններս ամենաշատն են տուժում համավարակի հետեւանքով, ինչպես նաեւ սննդամթերքի եւ վառելիքի գների աճից»,- ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
Ցյույ Դունյուն հիշեցրել է, որ մարտին համաշխարհային պարենային գները աճել են 12,6%-ով` հասնելով ռեկորդային մակարդակի, իսկ հիմնական սննդամթերքի՝ ցորենի եւ բուսական յուղերի շեշտակի գնաճը սպառողների համար հավելյալ ծախսեր է առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի համար։