Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական «Der Spiegel» («Հայելի») հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար բոլոր մեղավորներին, դրանց թվում՝ Ռուսաստանի իշխող վերնախավին դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտությանը:
Կիեւի մոտակայքում գտնվող Բուչա բնակավայրից ստացված տեսագրությունները զարհուրելի եւ աններելի որակած Շտայնմայերն ասել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարած եւ հանցավոր հրամաններ արձակած բոլոր զինծառայողները, ինչպես նաեւ քաղաքական պատասխանատվություն կրողները, դրանց թվում՝ Պուտինն ու Լավրովը:
Գերմանիայի նախագահի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Հաագայի Միջազգային քրեական դատարանն արդեն սկսել է Ուկրաինայում ռուսական բանակի կատարած հանցագործությունների քննությունը, սակայն Ռուսաստանը դատարանի հետ չի համագործակցում:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում բացառել է որեւէ տարբերակ, որով Պուտինը կարող է կանգնել միջազգային դատարանի առաջ:
Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ Ուկրաինայում ամեն ինչ անում են խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար եւ պնդում են, որ ուկրաինական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում ռուսներին վերագրվող հանցագործությունների մասին:
Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքն էլ երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Նա հավելել է, որ Գերմանիան եւ Եվրոպան պարտավոր են ամեն ինչ անել Ուկրաինային օգնելու համար: