Ցանկացած ազգ, պատմական ճանապարհ անցնելիս, հենվում է մշակութային, նախատիպային կոնստանտների վրա, որոնք գուցե կարելի է անվանել մշակութային կոդ:
Որո՞նք են Ռուսաստանի պարագայում այդ մշակութային կոդերը: Դրանցից երկուսը՝ որպես հիմնասյուներ, ընդունվում են ոչ միայն ռուս, այլեւ այլազգի հետազոտողների կողմից:
Առաջինը կարելի է սահմանել թարգմանության չենթարկվող ռուսերեն «соборность» հասկացույթով: Այն կարելի է սահմանել որպես մարդկանց ազատ, ազատակամ հոգեւոր միասնություն, որը դրսեւորվում է ինչպես եկեղեցական, այդպես էլ աշխարհիկ կյանքում եւ հիմնված է եղբայրական սիրո եւ աստծո հանդեպ սիրո վրա:
Երկրորդ մշակութային կոնստանտը «держава» հասկացույթն է, որը ծագում է հին սլավոնական «държава» բառից, որն էլ նշանակում է «տիրակալություն», «հզորություն», «այն, ինչ տիրակալի ձեռքում է»: Վերջինը նաեւ վերաբերում է ռուս թագավորների եւ կայսրերի ձեռքում ավանդաբար պահվող ոսկե գնդին, որը կարծես ուղիղ կերպով բացահայտում է «держава» բառի՝ ձեռքի մեջ պահելու, բռնելու իմաստը: