Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում 65% հաշվարկից հետո հավաքել է 27,03% ձայն: «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է 26,88% ձայն:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրություններում երրորդ հորիզոնականում է ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 18,80% քվեով: Նրան հաջորդում է ֆրանսիացի հայտնի գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրը՝ 6,77% քվե, հինգերորդ հորիզոնականում է պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4,69 % քվե։ Մնացած թեկնածուները 5 տոկոսից պակաս ձայն են ստացել:
Նախնական տվյալներով` մասնակցությունը եղել է շուրջ 75 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:
Մակրոնի առաջնահերթությունը՝ վերընտրվելու դեպքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի էներգետիկական անկախության ապահովումը: RTL ռադիոկայանի եթերում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան խիստ կախման մեջ է էներգետիկայի առումով:
«Ըստ իս, առեւտրական հաշվեկշռի, էներգետիկական անկախության եւ գնողունակության հարցերը միեւնույն խնդրի տարբեր կողմերն են, ուստի երկրորդ ժամկետի ժամանակ էներգետիկական կախվածությունից ազատումը կլինի իմ առաջնահերթությունը»,- շեշտել է Մակրոնը:
Անդրադառնալով վերընտրվելու դեպքում իր առաջին գործողություններին՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առաջին այցը մտադիր է կատարելու Գերմանիա: «Օլաֆ Շոլցը կդառնա իմ առաջին զրուցակիցը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: