Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է: Նա նշել է, որ բանակցություններ անհրաժեշտ են այն կյանքերի համար, որոնք դեռ հնարավոր է փրկել։ Զելենսկին հավելել է, որ այս պատերազմը դադարեցնելն անչափ կարեւոր է:
«Չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա մեզ ընձեռված է: Չենք կարող պատերազմը դադարեցնել ցանկացող տասնյակ միլիոնավոր մարդկանց փոխարեն որոշում ընդունել: Չենք կարող որոշել նրանց փոխարեն եւ ասել՝ «մարդասպանների հետ չենք բանակցի»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Անդրադառնալով արեւմտյան երկրներից ստացվող աջակցության թեմային՝ Զելենսկին հերթական անգամ կշտամբել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ չեն ըմբռնում Ռուսաստանից բխող սպառնալիքները:
«Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, այս պատերազմը չէր լինի, կամ էլ ամեն ինչ այնպես չէր լինի, ինչպես հիմա է»,- ընդգծել է Զելենսկին: