Ֆրանսիական Figaro պարբերականը գրում է, որ կիրակի Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ չանցած նախագահի թեկնածուներից շատերն իրենց ընտրազանգվածին հորդորել են երկրորդ փուլում ձայները տալ գործող նախագահ Էմանուել Մակրոնին:
Մասնավորապես դրա մասին հայտարարել է 18,80% ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը՝ նշելով, թե ինքն առնվազն գիտի՝ ում օգտին երբեք չպետք է քվեարկել: «Հորդորում եմ՝ Մարին Լը Պենին ձայն մի՛ տվեք»,- ընդգծել է Մելանշոնը:
Մակրոնի օգտին երկրորդ փուլում քվեարկելու կոչ են հղել նաեւ 4,9% ձայն հավաքած «կանաչների» առաջնորդ Յաննիկ Ժադոն, 4,6% ձայն հավաքած «Հանրապետականների» առաջնորդ Վալերի Պեկրեսը, ինչպես նաեւ 2,5% ձայն ստացած կոմունիստ Ֆաբյեն Ռուսելն ու 1,9% ձայն հավաքած սոցիալիստ Անն Իդալգոն:
Մարին Լը Պենի օգտին երկորդ փուլում քվեարկելու կոչ է արել 6% ձայն հավաքած Էրիկ Զեմուրը: «Ես Մարին Լը Պենի հետ մի շարք լուրջ տարաձայնություններ ունեմ, սակայն նա դիմակայում է մի մարդու, որը երկու միլիոն ներգաղթյալ է բերել երկիր, եւ որն իր ընտրարշավի ընթացքում չի արծարծել ներգաղթի թեման»,- հայտարարել է Զեմուրը: