Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներին, դպրոցներին ու բարձրագույն ուսումնական հաստատություններին հարող շենքերի պատերին մեկը մյուսի հետեւից տարօրինակ գրառումներ են հայտնվում։ Զբոսաշրջային քաղաք Գյումրու տեսքով մտահոգ արվեստաբան, դոցենտ Արաքս Մարգարյանն առաջիններից էր, որ համացանցում մատնանշեց խնդիրն ու պատկան մարմիններին կոչ արեց հետամուտ լինելու հարցի լուծմանը։ Պարզվեց, որ գրառումները թելեգրամյան հասցեներ են, որոնցով ցանկացողներն ազատ կարող են թմրանյութեր պատվիրել։
«Station Tour» տուրիստական ընկերության տնօրեն Նաիրա Գրիգորյանը գրառումների հայտնվելը պատահական չի համարում, ասում է՝ խնդրի արմատներն ավելի խորն են։ Վերջին տարիներին զանգվածային միջոցառումների ժամանակ է նկատել, որ «մութ» վաճառքով զբաղվողներն ակտիվանում են, երիտասարդներին ու պատանիներին առաջարկում տարբեր տեսակի թմրանյութեր։ Հանցագործության մասին Նաիրան ահազանգել է, դիմել է քաղաքապետարանին, որ մեծ միջոցառումների ժամանակ հետեւողական լինեն, բացահայտեն ու թույլ չտան նման մարդկանց մուտք գործել քաղաք։
Նաիրան կարծում է, որ եթե վերոնշյալ խնդրին պատշաճ լուծում տրվեր, միգուցե այսօր քաղաքի կենտրոնում տարբեր անձինք պատերի վրա թմրանյութերի տարածումը խթանող գրառումներ չթողնեին։ Հատկանշական է, որ գրառումները գերակշռում են այն թաղամասերում, որտեղ ավելի շատ թմրամոլներ են բնակվում։ Որ քաղաքի պատերի գրառումները միակ թմրանյութի հասցեները չեն, Նաիրան կասկած չունի, թարմ դեպք է պատմում․ «1000 օգտատերերով համալրված թելեգրամյան ալիք ունենք, որը զբաղվում է քաղաք եկած այլազգիներին օգնելով»։ Ալիքը իրավապահների հսկողության տակ է, որ այլազգիների անվտանգությունն ապահովված լինի։ Չնայած ուժեղ վերահսկողությանը՝ օրերս այդ նույն ալիքով նույնպես թմրամիջոցների ձեռքբերման հայտարարություն էր տարածվել։
Թե ինչպես է լինում, որ 1 օրվա մեջ 15-20 գրառում անող անձին կամ անձանց իրավապահները չեն կարողանում հայտնաբերել, Գրիգորյանը զարմանում է, ասում է՝ չէ՞ որ իրավապահ համակարգն ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն ցանկացած պահի պահանջելու ու նայելու տեսանկարահանող բոլոր սարքերը։ Իսկ որ այդպիսիք առկա են ամբողջ քաղաքում, գիտեն բոլորը։
Քաղաքում ակտիվ շրջանառվում էր նաեւ վարկած, որ ալիքները թուրքական են, թմրանյութի անմիջական մատակարարը՝ Թուրքիան։ Մասնագետները, սակայն, հերքեցին այդ վարկածը՝ նշելով, որ փակ սահմաններից նման ազատ վաճառք իրականացնել հնարավոր չէ։ Դիմեցինք թուրքերենի մասնագետ Մարիամ Հիդոյանին, խնդրեցինք պարզաբանել, թե տեսնում է գրառումներում թուրքական հետք։ «Նայեցի, ես թուրքերեն ոչ մի բան չտեսա, ակնադիտական սովորական ուսումնասիրությամբ ոչինչ թուրքերենի մասին չի հիշեցնում։ Սրանք սիմվոլիկաներ են, հապավումներ, որոնք լուրջ վերտառության կարիք ունեն»,- ասաց թուրքագետը։
Այժմ քաղաքի կենտրոնից վերացվել են գրառումները, բայց հարցը լուծված չէ։ Հիմա էլ «Գորգերի լվացում» անվան տակ են հեռախոսահամարներին կից ներկայացվում թաքնված սիմվոլներ, գրառումներն էլ կենտրոնից տեղափոխվել են բնակելի բակեր։ Հարցին խորքային մոտեցում է պետք։ Քաղաքի ե՛ւ տեսքով, ե՛ւ անվտանգությամբ մտահոգ արվեստագետները փաստում են, որ վերջին շրջանում քաղաքում ավելացել են մշակութային արժեքների վրա վանդալիզմի դեպքերը։ Որ հարցը լուծվի, ոչ թե միայն քննարկվի, քաղաքային իշխանություններին առաջարկում են, որ ավագանին որոշում կայացնի, ու ցանկացած նման ոտնձգություն կատարողի հանդեպ տույժ կիրառվի, ֆոնդի գումարն էլ փոխանցվի մշակութային արժեքները վերանորոգելու վրա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացնում են, որ ոստիկանությունը տեղյակ է խնդրից, եւ համապատասխան ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե դրանք ինչ հասցեներ են, եւ ովքեր են տարածում։
Ի դեպ, քաղաքում գրառումենրի դառը պտուղներն արդեն քաղում ենք։ Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրի բաժնի աշխատակիցներն օրերս բերման են ենթարկել 29-ամյա երկու երիտասարդի, որոնք հայտնել են, որ թմրանյութ են գնել բջջային հեռախոսով՝ «Թելեգրամ» հավելվածով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։