44-օրյա աղետից, Հայաստանի, Արցախի, Հայկական բանակի, մեր բոլորի պարտությունից ու նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածվեց եռագույն ու կանաչ դրոշների «պատերազմի»:
Ադրբեջանցիները Շուշիի մուտքին, Սյունիքի, Գեղարքունիքի ողջ երկայնքով տեղադրեցին դրոշներ: Դրանք պարզ տեսանելի են սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների, անցորդների համար: Ադրբեջանցիներն իրենց դրոշներով հոգեբանորեն ճնշում են պարտված հայերիս: Ի պատասխան, մերոնք սկսեցին դրոշներ տեղադրել հենց ադրբեջանական դրոշների դիմաց: Բայց քանի որ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակիչներ չկան, մեր եռագույնը կարող է ազդել միայն ադրբեջանցի սահմանապահների եւ զինվորականների վրա:
Մի քանի օր առաջ Սյունիքի Խնածախ գյուղում էի, որտեղ հայերի ու ադրբեջանցիների դիրքերը մի քանի տասնյակ մետրի վրա են, ինչպես Հայաստան-Ադրբեջան մի քանի հարյուր կիլոմետր ձգվող սահմանի բազմաթիվ հատվածներում: Ադրբեջանցիները դրոշը փոխել էին՝ տեղադրելով ավելի մեծը ու բարձրը: Նույնը, ի պատասխան, անում են հայերը, երբ փոխում են դրոշը:
Հայ-ադրբեջանական դրոշների այս «պատերազմը» տեղափոխվել է Հայաստանի ներքաղաքական դաշտ, որտեղ Մեծ Հայաստան եւ Վիլսոնյան Հայաստան երազողները մանկական, անլուրջ ու անհեթեթ պայքար են մղում միմյանց դեմ: Այս «պատերազմին» կարելի էր եւ, ի վերջո, չարժե ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով թեկուզ այն իրողությունը, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են ճակատագրական ճամփաբաժանի առաջ:
Ազգային ու պահանջատիրական այս ուժերի «պատերազմը» օրախնդիր, էքզիստենցիալ հարցերին լուծում չունենալու մերկ ցուցադրություն է նախ եւ առաջ:
Ուշադրություն դարձրե՛ք՝ 1994-ին եւ դրանից հետո որեւէ քաղաքական ուժ մտքի ծայրով չէր անցկացնում, ասենք՝ Գյումրիում կամ Դդմաշենում Արցախի դրոշը վեր հանել: Ի՞նչ իմաստ կար նման քայլի, երբ դու ազատագրել ես Արցախը:
Այսօր, երբ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը կանգնած են դժոխային ընտրության առաջ (մեր արկածախնդիր արտաքին քաղաքականության, բայց առաջին հերթին՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով), ազգային շահերի, ազգային արժեքների դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը լուծումներ առաջարկելու փոխարեն խորհրդանիշների պայքար են մղում եւ ցուցադրում իրենց քաղաքական օրակարգերի բացակայությունը:
Այդ ի՞նչ հերոսություն է, եւ այդ երբվանի՞ց է Արցախի դրոշ բարձրացնելը դարձել խիզախության ցուցիչ:
Այս ամենին կարելի էր անգամ ուշադրություն չդարձնել, եթե չլիներ մի էական պահ: Ո՞վ է ձեզ թույլ տվել պղծել Արցախի դրոշը: Ի՞նչ իրավունք ունեք Արցախը Հայաստանից բաժանող գույնը ներկելու:
Դուք կարող եք միայն դրոշի վրա հայրենասիրական պայքար մղել: 44 օրերին, երբ ադրբեջանցիները գրավում էին հայկական բնակավայրերը եւ ոտնատակ տալիս Արցախի խորհրդանիշները, այդ թվում՝ դրոշը, դուք ու ձեր երեխաները հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու էիք հակառակորդի դեմ պայքարող մեր ժողովրդից:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։