«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ իշխանությունը թույլ չի տա՝ երկրի տարածքում երկրորդ ռազմաճակատի բացվի։ Նա հավելել է, որ հակառակ Ուկրաինայում տեղի ունեցող դժբախտությանը, ողբերգությանն ու պատերազմին՝ Վրաստանում դրական ակնկալիքներ կան:
«Հետեւաբար պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունն ու նպաստենք զարգացմանը։ Վրաստանում ոչ մի երկրորդ ռազմաճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա եւ կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին, մեր պետությունը»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային: Իբրեւ երկրորդ ճակատի բացման օրինակ նա բերել է Վրաստանի տարածքը, ինչպես նաեւ Կուրիլյան կղզիներն ու Կալինինգրադի մարզը։
Վրաստանի վարչապետը դեռ փետրվարի 25-ին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին։
Ռուսաստանը տեւական ժամանակ դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալով առաջատարն է։ Տրանսֆերտների ընդհանուր ծավալում ՌԴ-ի մասնաբաժինը տատանվում է 13-14%-ի սահմաններում։ Բացի դրանից՝ Ռուսաստանը առաջատար է նաեւ դեպի Վրաստան զբոսաշրջիկների թվով։